«Օրակարգը զուտ արարողակարգային չէ». Հայաստանում է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետը

Քառօրյա այցով Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուանին. բարձրաստիճան զինվորականի գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում մի շրջանում, երբ հնդկական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Հայաստան մատակարարվող հնդկական զինատեսակների վերաբերյալ:

Գեներալ Անիլ Չաունիին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը. թե կոնկրետ ինչ են քննարկել պաշտոնական հաղորդագրությունից պարզ չէ: Ըստ կարճ հայտարարության՝ Պապիկյանը բարձր է գնահատել համագործակցության մակարդակն ու կարևորել ծրագրերի կանոնավոր իրականացումը, Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն էլ իր երկրի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու զարգացնել համագործակցությունն առկա ուղղություններով և նախաձեռնելու նոր ուղղություններ:

Պաշտոնյաները նաև տարածաշրջանային ու անվտանգային թեմաներ են քննարկել, գրությունն այսքանով սահմանափակվում է: Հանդիպմանն այլ բարձրաստիճան զինվորականներ էլ են մասնակցել, նախարար Պապիկյանի կողքին Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է:

Նյու Դելին էլ հայտնում է՝ «այցը փոխադարձ ռազմավարական շահերն առաջ տանելու ու պաշտպանության և անվտանգության բնագավառում երկարաժամկետ համագործակցությունն ընդլայնելու ճանապարհին կարևոր քայլ է»:

Քառօրյա այցով Հայաստան ժամանելն արդեն իսկ վկայում է երկկողմ համագործակցության ռազմավարական լինելու մասին, ընդգծում է ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը: Շեշտում է՝ նման այցերը սովորաբար ավելի կարճատև են լինում, այսինքն օրակարգն ամենևին զուտ արարողակարգային չէ:

«Սա, ըստ էության, մատնանշում է այս բանակցությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկվող հարցերի մասշտաբը, կարծում եմ՝ կքննարկեն համատեղ զորավարժությունների անցկացումը, մենք երբեք Հնդկաստանի հետ զորավարժություններ չենք անցկացրել, կքննարկեն զինամթերքի հետագա մատակարարումները, ինչպես նաև պարապմունքներն ու փորձի փոխանակումն ու անգամ որոշ զինատեսակների համատեղ նախագծերը», - նշեց Առաքելյանը:

Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին այդ երկրի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: Շաբաթներ առաջ էլ տեղի լրատվամիջոցները գրեցին՝ Pinaka համազարկային հրթիռների Հայաստան առաքման մասին, այդ առթիվ անցկացված պաշտոնական միջոցառմանը նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարն է մասնակցել: 2024-ի ավարտին էլ աղբյուրները գրում էին, որ Հայաստանն արդեն ստացել է Pinaka համակարգերի առաջին խմբաքանակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները․ The Times of India

«Հասկանում ենք, որ Pinaka-ները հավանաբար օգտագործվում են հայկական բանակում և հրթիռների առաքումն, իհարկե, հատուկ նշան է, որ երկու երկրների միջև վստահությունը շատ բարձր մակարդակի վրա է», - ընդգծեց ռազմական վերլուծաբանը:

Ընդհանրապես, հնդկական կողմի հետ գործարքների մասին Հայաստանում հնդկական մամուլից են իմանում, Երևանը պաշտոնապես այդ մասին չի հայտնում: Ըստ այդ հրապարակումների՝ 2022-ին Հայաստանն ընդհանուր 720 միլիոն դոլարի 15 «Աքաշ» հրթիռային համակարգ է գնել, այն կարող է հակաօդային պաշտպանություն ապահովել:

Անցած տարի էլ լրատվամիջոցները գրեցին հնդկական SU-30MKI ռազմական օդանավեր գնելու շուրջ բանակցությունների մասին: Ըստ այդ տեղեկությունների, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 8-ից 12 օդանավ գնել:

Պաշտպանական ոլորտը լուսաբանող Defence24.com-ը տարեվերջին գրեց, թե կողմերը գրեթե համաձայնեցրել են մի հուշագիր, որը 3.5-ից 4 միլիարդ դոլարի հնդկական զինատեսակների մատակարարում է ենթադրում:

Մամուլում շրջանառվող զինատեսակների առնվազն մի մասի դեպքում Հայաստանն դրանց առաջին արտասահմանյան գնորդն է:

«Սա ռիսկ է. գնում ենք որոշ զինատեսակներ, որոնք անգամ Հնդկաստանը դեռ չի կիրառել»

«Սա ռիսկ է, - ընդգծում է ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը և նշում, - մենք գնում ենք որոշ զինատեսակներ, որոնք անգամ Հնդկաստանը դեռ չի կիրառել, այդուհանդերձ, դրանք փորձարկվել են, կարծում եմ նորմալ կլինի, գուցե, մեզ մոտ խնդիր լինի նոր զինատեսակներին սովոր չլինելու պատճառով»:

Ամիսներ առաջ էլ իսրայելական Jerusalem Post-ը գրեց, թե Հայաստանը սառեցրել է հնդկական Tejas 12 օդանավերի ձեռքբերման գործընթացը: Ըստ աղբյուրի՝ Երևանը մտադրությունից հրաժարվել է Դուբայի ցուցադրական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո, օդանավերից մեկի՝ կործանման հետևանքով օդաչուն զոհվեց:

Լրատվամիջոցը հաղորդել էր, որ գործարքի ընդհանուր ծավալը կարող 1.2 միլիարդ դոլար կազմել: Հնդկական այս օդանավերը հագեցած են նաև իսրայելական մի շարք նորագույն տեխնոլոգիաներով՝ մասնավորապես ռադարային և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով:

Այս հրապարակման վերաբերյալ շուրջ երկու ամիս լռությունից հետո շաբաթներ առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն «Ազատության» հարցին ի պատասխան հերքեց իսրայելական լրատվամիջոցի տեղեկությունը. «Հիմա ես պետք ա իսրայելական մամուլի ապատեղեկատվությունը կամ X երկրի ապատեղեկատվությունը փորձեմ հերքե՞լ, ինչի՞ն անդրադառնանք, ամեն ապատեղեկատվությանը երբ որ անդրադառնանք կդառնա, որ մենք մտանք իրենց օրակարգի մեջ, չունենք նման գործարք, չենք ունեցել նման գործարք»:

Հնդկական պատվիրակությունն այսօր նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել, թե վաղվա օրակարգում ինչ է նախատեսված, այս պահին հայտնի չէ: