Օմանը և Իրանը համաձայնել են Հորմուզում անվտանգ երթուղիների շուրջ և դրանք կներկայացնեն շուտով. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային

Օմանը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ տարանցիկ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։

«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջողությամբ է ընթանում: Բացի Հորմուզի նեղուցում անվտանգ երկկողմանի երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ համաձայնությունից՝ երկու կողմերն էլ համաձայնության են եկել այն մասին, թե ինչպես է այս հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը:

Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում: Սակայն այն միևնույն ժամանակ միջազգային նավարկության համար է կիրառվում: ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի 37–44-րդ հոդվածներով նման նեղուցներում գործում է տրանզիտային անցման (transit passage) հատուկ ռեժիմ։ Այդ ռեժիմը նշանակում է, որ տարածքային ջրերի կարգավիճակը չի վերանում, բայց միջազգային նավերը և օդանավերը ունեն նեղուցով անցնելու հատուկ իրավունք, և առափնյա պետությունները չեն կարող պարզապես դադարեցնել այդ անցումը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մոհամադռեզա Նաղդին երեկ հայտարարել էր, որ Իրանը շուտով կփակի Հորմուզի նեղուցում այն երթուղիները, որոնք Թեհրանը համարում է ապօրինի։ Նա մանրամասնել էր, որ խոսքը Օմանի ափի երկայնքով անցնող մի քանի երթուղիների մասին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատրաստվում է փակել Հորմուզի նեղուցում իր կողմից «ապօրինի» համարվող երթուղիները

Նաղդիի պնդմամբ՝ դրանք ստեղծվել են նեղուցի ժայռոտ հատվածները պայթեցնելու և վնասելու միջոցով և օգտագործվում են փոքր նավերի կողմից՝ նավթը ապօրինի տեղափոխելու և լցանավերին փոխանցելու համար։ «Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանի զինված ուժերն այն ամբողջությամբ վերահսկում են։ Այս իրավիճակը կպահպանվի մինչև Իրանի օրինական պահանջների կատարումը», - ասել է Նաղդին։

ԱՄՆ-ն պնդում է՝ իրենք են վերահսկում նեղուցը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), մինչդեռ, հայտարարել է, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը, որով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:

Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային բեռներ և էներգետիկ ռեսուրսներ, այդ թվում՝ 20 միլիոն բարել հում նավթ տեղափոխող առևտրային նավեր:

Հորմուզի նեղուցը

«Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային գործընկերները լիակատար վերահսկողություն ունեն նեղուցի նկատմամբ», - ասվում է հրամանատարության հայտարարությունում:

Հորմուզով նավերի տարանցումը նվազել է

Reuters գործակալությունը, նավագնացությանը հետևող Kpler վերլուծական ընկերության տվյալներին հղում անելով, հայտնում է, որ հոկտեմբերի 6-ին Հորմուզով նավերի տարանցումը նվազել՝ հասնելով երկու ամսվա ամենացածր մակարդակին. նեղուցով անցել է ընդամենը յոթ առևտրային նավ։ Գործակալությունը նշում է, որ սա հուլիսի 23-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի ուրանի հարստացման հզորությունները, որպեսզի պատերազմն ավարտվի. Վենս

Ընկերության տվյալներով՝ հիմնական նվազումը բաժին է հասնում նավից նավ բեռնափոխադրումներին։ «Նեղուցով հում նավթի փոխադրումները նվազել են 27%-ով՝ համեմատած առավելագույն ցուցանիշի հետ... մեկ շաբաթ առաջ՝ հասնելով օրական առնվազն 10.1 միլիոն բարելի։ Սա համապատասխանում է սեպտեմբերյան միջին ցուցանիշին, բայց ներկայացնում է պատերազմից առաջ եղած մակարդակի 74%-ը»,- պարզաբանել են Kpler-ի վերլուծաբանները։

Ընդորում, Կարմիր ծովից և Օմանի ծոցից նավթի արտահանումը հակամարտության ընթացքում ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով օրական 6.7 միլիոն բարելի։ Գործակալությունը նշում է, որ սա օգնում է փոխհատուցել Հորմուզի նեղուցով տարանցման անկման հետևանքով առաջացած կորուստները։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց հուլիսի սկզբին՝ Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի խզումից հետո։ Երկու կողմերն էլ վերսկսեցին միմյանց թիրախների վրա հարձակումները։ ԱՄՆ-ն ռազմածովային շրջափակում սահմանեց իրանական նավահանգիստների նկատմամբ, իսկ Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի փակման մասին։

Թեհրանն առաջարկներ է ներկայացրել Վաշինգտոնում և պատրաստ է յոթ օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուց, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն ասել է, որ Իրանի հետ գործարքն իր սրտով չէ, պատերազմն էլ կավարտվի շուտով

Հնարավոր գործարքը Թրամփի սրտով չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ Իրանի հետ բանակցվող հնարավոր համաձայնագիրն իր նախընտրելի արդյունքը չէ, նաև նշել, որ պատերազմը կավարտվի շուտով։ Նա նաև ասել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցում է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ, «շատ լավ է անում իր գործը»:

«Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա և շատ լավ է անում իր գործը։ Կարծում եմ՝ գործարքն իրականում այն չէ, ինչ ես ուզում եմ անել, բայց նրանք պատրաստ են մեզ ամեն ինչ առաջարկել՝ [պատերազմը] կանգնեցնելու համար», - ասել է Թրամփը Սան Անտոնիոյում (Տեխաս) կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։