Մատչելիության հղումներ

Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի ուրանի հարստացման հզորությունները, որպեսզի պատերազմն ավարտվի. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը զրուցում է լրատվամիջոցների հետ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում, 5-ը հոկտեմբերի, 2026 թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը զրուցում է լրատվամիջոցների հետ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում, 5-ը հոկտեմբերի, 2026 թ.

Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի ուրանի հարստացման իր հզորությունները՝ ԱՄՆ պահանջները բավարարելու և պատերազմը դադարեցնելու համար, Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Վենսն ասել է, որ ցանկացած համաձայնագիր ոչ թե ապագայում միջուկային զինամթերքի կրճատման երաշխիքներ կառաջարկի, այլ կպահանջի Իրանից կրճատել ուրանի հարստացման իր հզորությունները։

«Եթե քեզ միջուկային զենք պետք չէ, ապա ինչո՞ւ է քեզ 60 տոկոսով հարստացված վառելիք հարկավոր։ Եվ եթե ուզում ես ցույց տալ քո հանձնառությունը միջուկային զենք չմշակելուն, մի՛ մշակիր բարձր հարստացված վառելիք։ Սա շատ կարևոր, հիմնարար հարց է», - ասել է Վենսը։

«Կարծում եմ, եթե նրանք ցանկանում են ցույց տալ միջուկային զենք չմշակելու իրենց հանձնառությունը, ապա պետք է որոշ նշանակալի քայլեր ձեռնարկեն ուրանի հարստացման իրենց կարողությունների վերաբերյալ»,- հավելել է նա։

Վերջին շաբաթներին Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակվել են առաջարկներով՝ ուղղված պատերազմի դադարեցմանը և համաշխարհային էներգետիկ շուկաների համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացմանը: Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը և զգուշացրել, որ ռազմական գործողությունները կարող են ակտիվանալ Կոնգրեսում նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո:

Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ համաձայնության համար, բայց միջուկային հարցում Իրանից կպահանջի կոնկրետ զիջումներ։ «Մենք չենք պատրաստվում համաձայնել խոստումների՝ կոնկրետ գործողությունների փոխարեն», - ասել է նա։

ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի համար անորոշ է, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։ Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ։ Սակայն պարզ չէ, թե որքան լիազորություններ ունեն նրանք Իրանի իշխանության կառուցվածքում: «Մենք նկատեցինք, որ լիովին պարզ չէ, թե ինչպես է նրանց երկիրը որոշումներ կայացնում», - ասել է նա։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր «ամենամեծ խնդիրն» այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում Իրանը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ կիրակի հայտարարել էր, որ ամերիկացի պաշտոնյաները լավ գիտակցում են, թե ովքեր են իրենց իրանցի գործընկերները և ինչպես է գործում իրանական որոշումների կայացման համակարգը։ «Խնդիրը, ըստ էության, հակառակն է. այն կապված է ամերիկացի պաշտոնյաների հակասական դիրքորոշումների և երկիմաստ հայտարարությունների հետ», - ասել էր Էսմայիլ Բաղային։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG