Զոհ Վորոնեժում՝ ուկրաինական ԱԹՍ հարձակումից հետո․ երկու պահեստում հրդեհ է բռնկվել

Պատերազմի հետևանքները Վորոնեժում, արխիվ

Գիշերը Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են․ ընկնող բեկորները երկու պահեստում հրդեհների բռնկման պատճառ են դարձել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Վորոնեժ քաղաքի և մարզի հինգ շրջանների օդում 15 անօդաչու են վնասազերծել։

«Անօդաչուների անկումը հրդեհներ է առաջացրել խոշոր ընկերության երկու պահեստներում: Օբյեկտներից մեկում 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա հրդեհի տարածումը մեկուսացվել է, իսկ մյուս օբյեկտում, որը 20 հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Արտակարգ իրավիճակների ծառայությունները գտնվում են դեպքի վայրում», - տեղեկացրել է Գուսևը։

Պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ որ ընկերությունն է տուժել, սակայն այսօր ավելի վաղ ռուսական Wildberries առցանց խանութ-սրահը հայտնել է, որ անվտանգության պահանջներին համապատասխան՝ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ կենտրոնները տարհանվել են:

Wildberries-ը հուլիսից ուկրաինական թիրախում է հայտնվել։ Տուժել են ընկերության լոգիստիկ կենտրոններն ու պահեստները, ինչպես նաև տնտեսվարողները, այդ թվում՝ հայ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հեռու ենք պատերազմից, բայց զգում ենք հետևանքները»․ հայ վաճառողները՝ Wildberries-ի հարվածների մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ին

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 20 մարդ։