Իրավապահներն այսօր զննություն են անցկացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում՝ դեռ 2020 թվականին հարուցված մի գործի շրջանակում:
Տևական դադարից հետո քաղաքական ասպարեզ վերադարձած «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդն այս գործով որպես վկա հարցաքննվել է տարիներ առաջ: Նրա փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
«Այդ համայնքի մի շարք հողատարածքներ զննության են ենթակա, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող հողատարածքը, ըստ էության, հետագայում պարզ կլինի, թե ինչի համար կամ ինչի պատճառով», - նշեց փաստաբանը:
6 տարի առաջ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հոդվածով հարուցված գործն, ըստ փաստաբանի, առնչվում է Առինջ համայնքի նախկին ղեկավարին:
«էդ գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել, որ Առինջ համայնքում մի քանի հողատարածքներ զննվեն, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող այլ առանձնատան հողատարածքը: Ըստ էության, այդ գործողությունն է կատարվում, այսինքն՝ խուզարկություն չի կատարվում: Կարծում եմ, որ այդ գործի շրջանակում փորձագետներին անհրաժեշտ են չափային տվյալներ, լուսանկարներ, որոնց օգնությամբ հետագայում փորձագետի եզրակացություն պետք է տրվի», - ասաց Էմին Խաչատրյանը:
Փաստաբանը վստահեցնում է՝ այս գործը չի առնչվում Ծառուկյանին, նա այսօրվա քննչական գործողությանը չի մասնակցել. «Այնտեղ որպես այդպիսին պարոն Ծառուկյանի ներկա լինելու անհրաժեշտությունն էլ չկա»:
Ինչո՞ւ են իրավապահները վեց տարի առաջ հարուցված գործով միայն հիմա զննությունը անում: Քննչականից այսօր հրաժարվեցին մանրամասներ հրապարակել: Բայց «Ազատության» տվյալներով, գործն առնչվում է հենց Ծառուկյանին՝ իրավապահների քննության առարկա է նրա ընտանիքին պատկանող «Առինջ մոլի» հողատարածքների հարցը:
Մեծահարուստ գործարարը օրերս հայտարարեց՝ թեև վարչապետի պաշտոնին չի հավակնում, բայց իր «քաղաքական Նոյյան տապանն» է կառուցելու, որտեղ կհամախմբի տարբեր ուժերի ներկայացուցիչների: Վերջին օրերին իշխանականներն ակտիվորեն խոսում են Ծառուկյանից՝ հայտարարելով, թե թույլ չեն տալու, որ օլիգարխներն իշխանություն վերցնեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չպետք է թույլ տանք, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ անեն մեր ձեռքբերումները». իշխանությունը մտահոգված էԲՀԿ առաջնորդի քաղաքական թիմից այսօր չցանկացան հրապարակային տեսակետ հայտնել այսօրվա զննության վերաբերյալ, սակայն չբացառեցին ընտրություններին ընդառաջ քրեական գործերի ակտիվացումը:
«Իմ պես մարդուն ի՞նչ է պետք, ամեն ինչ ունեմ», - ասել է Գագիկ Ծառուկյանը:
69-ամյա Ծառուկյանը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, այս պահին մեղադրյալ է երկու գործով: Մեկը դատարանում է 2023 թվականից: Դրանով նա մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար: Երկրորդ գործը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելուն: Երկուսով էլ մեղքը չի ընդունում: Այս մի քրեական գործը կապված է քաղաքացիական դատարանում դեռ 2023-ից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի գործի հետ: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ մեծահարուստ գործարարն իր ունեցվածքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով:
Դատարանն արգելանք էր դրել նրա ունեցվածքի վրա, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը չէր կարող այն վաճառել: Բայց, ինչպես դատախազությունն է պնդում, Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա» շշալցման ընկերության ավելի քան 98 տոկոս բաժնեմասը, որ պատկանում է գործարարին ու նրա կնոջը, Ծառուկյանները վաճառել են ավելի քան 23 միլիոն եվրոյով: Այսինքն, ըստ դատախազության, իմանալով, որ Սոֆիայում գտնվող գույքը ևս արգելանքի տակ է, Ծառուկյան ամուսինները խախտել են դատարանի որոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծառուկյանը վարչապետի պաշտոն չի ուզում, բայց 3 թեկնածու ունի՝ «մեկը մեկից ուժեղ ու գրագետ»