Զելենսկին Նյու Յորքում է և այսօր կհանդիպի Թրամփի հետ

Թրամփը և Զելենսկին Սպիտակ տանը, 28-ը հուլիսի, 2025 թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ժամանել է Նյու Յորք, որտեղ այսօր, ինչպես ակնկալվում է, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը ներառված է երկու նախագահների օրակարգում՝ տեղի ժամանակով ժամը 13:15-ին (Երևանի ժամանակով 22:15-ին), տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման կլինի, այսպես կոչված, էներգետիկ հրադադարի հնարավորությունը։ Վերջերս Թրամփը բազմիցս է անդրադարձել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներին՝ նշելով, որ դրանց հետևանքով դիզելային վառելիքի գինն աշխարհում բարձրանում է։

Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել հարվածներից, եթե Ռուսաստանը ևս դադարեցնի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած Թրամփի պնդմանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են էներգետիկ օբյեկտներին 

Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ Նյու Յորք մեկնելու ճանապարհին Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ։ Հանդիպման մանրամասները հայտնի չեն։

Սեպտեմբերի 21-ի երեկոյան էլ Ուկրաինայի նախագահը հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, որը, ինչպես մյուս համաշխարհային առաջնորդները, նույնպես Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։

Ինչպես գրել է Զելենսկին, Ուկրաինան պատրաստ է ԵՄ վարկի միջոցով լրացուցիչ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար զինամթերք գնել։

Սեպտեմբերի 22-ին Զելենսկին նախատեսում է նաև հանդիպումներ ունենալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի վարչապետների հետ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ մտադիր է նաև հանդիպել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ։ Նրա ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է սեպտեմբերի 23-ին։

ԱՄՆ նախագահը երեկ հանդիպել է Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նրանք համաձայնել են «համատեղ աշխատել» էներգետիկ շուկաներում լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահները նաև քննարկել են «Մերձավոր Արևելքում կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը», ինչպես նաև Ուկրաինայի հարցը։

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան «կմիավորեն ուժերը՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մորատորիում սահմանելու համար»։ Մակրոնը բարձր է գնահատել զրույցը՝ այն անվանելով «շատ կառուցողական»։ Թրամփը դեռ մեկնաբանություններ չի արել։

Թրամփի սեպտեմբերի 22-ի գրաֆիկը, Զելենսկիի հետ հանդիպումից բացի, ներառում է նաև ելույթ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրման արարողություն, հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետների հետ, ինչպես նաև հանդիպում Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ, որտեղ, ինչպես սպասվում է, կքննարկվի Իրանի հետ լարվածության թեման։