Զելենսկին պարգևատրել է Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին: Նոյեմբերի 2-ին ստորագրված փաստաթուղթը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:

Դոնալդ Թրամփի տիկնոջը պարգևը շնորհվել է «Ուկրաինային մարդասիրական օժանդակության գործում էական անձնական ներդրման, ակտիվ իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար՝ ուղղված ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, ՌԴ կողմից ժամանակավորապես օկուպացված Ուկրաինայի տարածքներից ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների, քաղաքացիների փրկությանը», - նշված է հրամանագրում:

Ինքը Զելենսկին, ինչպես և Սպիտակ տունը, դեռևս չեն մեկնաբանել պարգևատրումը:

ԱՄՆ նախագահի տիկինը զբաղվում է 2022 թվականին ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված երեխաների վերադարձին ուղղված նախաձեռնությամբ: Նրա միջնորդությամբ հաջողվել է վերադարձնել մի քանի տասնյակ երեխաների, ինչպես նաև վերամիավորել Ուկրաինայի և Ռուսաստանի տասնյակ ընտանիքներ:

Մելանյա Թրամփի նախաձեռնությամբ, ինչպես ընդգծում են թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական կողմերը, օրերս մարդասիրական հրադադար էր հաստատվել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում, որտեղից տարհանվեցին մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը վաղը հանդես կգա Օլեշկիի իրադարձությունների վերաբերյալ ելույթով, ինչպես նաև մտադիր է Սպիտակ տանը հանդիպել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՕլեշկիից տարհանվել է 750-ից ավելի մարդՕկուպացված Օլեշկի մարդասիրական օգնություն է տարվել, ցանկացողներին նաև տարհանում ենՄելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվում