Ուկրաինան պատրաստվում է նոր բանակցությունների հաջորդ շաբաթ. Զելենսկի

Ուկրաինան Միացյալ Նահանգներից լրացուցիչ տեղեկություններ է ակնկալում հետագա խաղաղ բանակցությունների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա հավելել է՝ սպասում է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենան նոր հանդիպումներ:

Զելենսկիի հայտարարությունը, ըստ երևույթին, վկայում է այն մասին, որ կիրակի օրը նախատեսված Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրություններում չի կայանա: Մեկ շաբաթ առաջ երեք կողմերն անցկացրել էին բանակցությունների հերթական փուլը։

«Ուկրաինան պատրաստ է աշխատել բոլոր աշխատանքային ձևաչափերում։ Կարևոր է, որ արդյունքներ լինեն, և հանդիպումները կայանան։ Մենք ակնկալում ենք հանդիպումներ հաջորդ շաբաթ և պատրաստվում ենք դրանց», - ասել է նա:

ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը Ֆլորիդայում Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցությունները բնութագրել է արդյունավետ և կառուցողական: