Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնացների երեկվա հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ առաջինը պատերազմի սկզբից ի վեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվենԸստ Ռուսաստանի նախագահի օգնականի՝ Կրեմլում երեկ մոտ չորս ժամ տևած հանդիպմանը Պուտինը, սակայն, զգուշացրել է՝ երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ չեն լուծվել տարածքային հարցերը:
«Ամենակարևորը, մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ իմաստ չունի երկարաժամկետ կարգավորում ակնկալել առանց տարածքային հարցը լուծելու՝ ըստ Անքորիջում համաձայնեցված բանաձևի»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը:
Յուրի Ուշակովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի դիվանագիտական կարգավորմամբ, իսկ մինչ այդ կշարունակի հետամուտ լինել այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» նպատակների իրագործմանը մարտի դաշտում, որտեղ, նրա պնդմամբ, ռուսական զինուժն է թելադրողը:
Պուտինի օգնականի փոխանցմամբ՝ երեկվա հանդիպմանը կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ կապ պահպանել միմյանց հետ՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ այլ հարցերի շուրջ։
Ուշակովի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանը ներկայացնեն Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ:
Ուկրաինական պատվիրակությունը կղեկավարի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը: Առանձին կհանդիպեն նաև Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ռուսաստանի նախագահի ներդրումային հարցերով բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։
Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է ամերիկյան Axois-ի հրապարակումը, որ Աբու Դաբիում քննարկվելու է տարածքների հարցը:
«Դոնբասի հարցը գլխավորն է։ Այսօր և վաղը Աբու Դաբիում կքննարկվի, թե ինչ տեսակետներ ունեն երեք կողմերը դրա վերաբերյալ ... Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ես միշտ կողմ եմ նրանց մասնակցությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ողջ Դոնբասը՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, ինչին Կիևը դեմ է: Կրեմլի խոսնակն այսօր վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում՝ ասելով, որ ուկրաինական զորքը պետք է դուրս գա Դոնբասից: «Դա շատ կարևոր պայման է»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահն իր հերթին Դավոսից Վաշինգտոն վերադառնալիս ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնագիր կնքել և վերջ դնել արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:
«Գիտեք, կար ժամանակ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել … Հիմա կարծում եմ, որ երկուսն էլ ուզում են։ Մենք կպարզենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Դիվանագիտական դաշտում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային: Միայն Կրիվոյ Ռոգին հարվածել են մի ամբողջ օր՝ կիրառելով մոտ 70 անօդաչու, կա առնվազն 13 տուժած, այդ թվում՝ երեխաներ: Կիևում 1900-ից ավելի բազմաբնակարան շենք դեռ ջեռուցում չունի: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Խարկովում: