Զապորոժիեի ԱԷԿ դիզվառելիք տանող բենզատարներին հարվածներից 2 ռուս զինծառայող է զոհվել

Ուկրաինա - Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ

«Ռոսատոմ» գործակալության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հաղորդել է Զապորոժիեի ատոմակայանի համար դիզվառելիք տեղափոխող բենզատար ավտոմեքենաների վրա ուկրաինական ուժերի հարձակման մասին, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել:

«Ուրբաթ օրը մի շարք համակցված հարվածներ են հասցվել բենզատարներին, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ի կարիքների համար դիզելային վառելիք էին տեղափոխում: Զոհվել է երկու զինծառայող, մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ վիրավորվել են, այդ թվում՝ ծանր», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լիխաչյովը:

«Ռոսատոմ»-ի ղեկավարի հավաստմամբ՝ զինվորականները «զբաղված էին այդ խիստ քաղաքացիական առաքելության ապահովմամբ»:

Լիխաչյովի վկայությամբ՝ հարվածները հասցվել են ատոմակայանի հարթակի տրամագծի անմիջական հարևանությամբ:

«Ռոսատոմ»-ի ղեկավարը պնդել է, թե Կիևը բացահայտորեն միջուկային միջադեպ է սադրում Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում:

Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը, 2020 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման մեկնարկից շաբաթներ անց անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։