Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում և Գերմանիայում, հարյուրավոր ձեբակալվածներ կան

Ֆրանսիա - Բողոքի ցույցը Փարիզում ուղեկցվում է ոստիկանության հետ ընդհարմամբ, 31-ը հոկտեմբերի, 2026թ.

Երեկ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանությունը 565 մարդու է ձերբակալել:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին ամբողջ երկրով մեկ մասնակցել է շուրջ 320 հազար մարդ, այդ թվում 70 հազարը՝ Փարիզում: Կազմակերպիչների պնդմամբ, մինչդեռ, մասնակիցների թիվը մոտ 800 հազար է: Մայրաքաղաքում ոստիկանությունն ավելի քան 5 700 ստուգում է իրականացրել և ձերբակալել 79 մարդու:

Փարիզում ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Շարանտոն դարպասների մոտ ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, իշխանությունների տվյալներով՝ տուժել է հինգ ոստիկան: Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը ոստիկաններից մեկի վրա հարձակումը որակել է «սպանության փորձ» և դատապարտել բռնությունները ցուցարարների կողմից:

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկիզբ առան սեպտեմբերի 21-ին ավագ դպրոցի աշակերտների ցույցերով, որոնք դժգոհում էին ուսուցիչների, սոցիալական աշխատողների և դպրոցական հոգեբանների պակասից: Այնուհետև նրանց միացան արհմիությունները, «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները ՝ աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու, պետական ծառայությունները բարելավելու և կյանքի պայմանների թանկացման դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

Գերմանիայում էլ հազարավոր մարդիկ են դուրս եկել Gen Z regelt՝ «Z սերունդը պատասխանատվություն է ստանձնում» շարժման կազմակերպած ցույցերին: Նրանք բողոքել են պետական ծախսերի կրճատման, կրթության անբավարար ֆինանսավորման, թանկացումների և պարտադիր զինծառայության դեմ:

Բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ են անցել, սակայն երեկ երեկոյան մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել: Ֆրանկֆուրտում ցուցարարների խմբերը կոտրել են խանութների ցուցափեղկերը, զենքի խանութից երկու միավոր զենք են հափշտակել: Կասկածյալին ձերբակալել են, զենքը՝ առգրավել: Անկարգությունների մասնակիցների դեմ ոստիկանները ջրցաններ են կիրառել:

Բեռլինում, իրավապահների տվյալներով, 27 ոստիկան է տուժել, 56 մարդ ձերբակալվել է: Համբուրգում, որտեղ ցույցերն ուղեկցվել են հրավառությամբ և հրկիզումներով, 120 մարդ ձերբակալվել:

Կյանքի պայմանների թանկացման և սոցիալական ծախսերի կրճատման դեմ բողոքի ցույցեր են կայացել նաև Իտալիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 500 մարդ է տուժել, ձերբակալվել է 1435-ըՖրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երեկ ցույցերին մասնակցել է ավելի քան 400 հազար մարդՖրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 135 մարդուՑույցերից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել. մարդիկ դժգոհում ենՀրկիզված շենքեր, թալանված խանութներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր ձերբակալվածներ. ցույցեր Եվրոպայում