Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տուժել է ավելի քան 250 ցուցարար և 267 իրավապահ։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նրա խոսքով՝ երեք ցուցարար Թուլուզում, Ռեյմսում և Կլերմոն Ֆերանում բավական լուրջ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը երկրի տարբեր շրջաններում ձերբակալել է 1435 մարդու։
Նախարարը պնդել է, որ, չնայած բախումներ հրահրելու փորձերին, իրավապահներին հաջողվել է վերահսկողության տակ պահել իրավիճակը։ Միաժամանակ նա չի բացառել, որ առաջիկա շաբաթ օրը ցույցերը կրկին կարող են վերածվել անկարգությունների։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցները դժգոհում են ապրուստի բարձր ծախսերից։ Նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի իրավիճակը հանդարտեցնելու համար՝ միաժամանակ հաշվի առնելով ցուցարարների պահանջները։
Այսօր վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հանդիպել դպրոցական և ուսանողական արհմիությունների ներկայացուցիչների հետ։