Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
Աշակերտները դեռ անցած շաբաթվանից արգելափակում են դպրոցների մուտքերը՝ բողոքելով գերբեռնված դասարանների, մեծ ուսումնական ծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի և ուսումնական նյութերի վատ որակի դեմ։ Փարիզի շրջակայքում սկսված բողոքի շարժումը տարածվել է նաև Լիլ, Մարսել և այլ քաղաքներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ միջադեպեր են գրանցվել շուրջ 180 ուսումնական հաստատություններում։ Վիրավորվել է 12 աշակերտ, երեք ուսուցիչ և 12 ոստիկան։
Որոշ վայրերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով․ ցուցարարները հրավառության միջոցներ են կիրառել, ոստիկանությունը՝ արցունքաբեր գազ։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն իրավիճակի սրումը «անպատասխանատու» է որակել։
Բողոքի ցույցերը քաղաքական վեճի պատճառ են դարձել նաև իշխանությունների և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության միջև։ Կրթության նախարարը կուսակցությանը մեղադրել է աշակերտական բողոքներն իր քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ, իսկ կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ կոշտ գործողությունների համար։
Աշակերտական միությունը երեքշաբթի կոչ է արել ամբողջ երկրում շարունակել դպրոցների արգելափակումները։ Նույն օրը Ֆրանսիայում նախատեսված է նաև պետական հատվածի աշխատողների համազգային գործադուլ։