ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ շուտով մի համապարփակ համաձայնագիր կլինի, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, թե չի կարող ներկայացնել Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպման մանրամասները, սակայն վստահեցրել է՝ բոլորը գոհ կլինեն այդ համաձայնագրից:
«Դա կլինի համապարփակ համաձայնագիր, և չի վերաբերի միայն Ուկրաինային ... ես նույնիսկ կասեի, որ այն կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային: Դա կլինի հիանալի համաձայնագիր, և բոլորը գոհ կլինեն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ի՞նչ է նոր համաձայնագիրը նախատեսում
Մինչ այդ էլ Թրամփի հատուկ բանագնաց էր հայտարարել, որ ԱՄՆ-ն համագործակցում է Կիևի և Մոսկվայի հետ և այժմ կենտրոնացած է անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա: Ըստ Ջարեդ Քուշների՝ առաջարկվող շրջանակը ներառում է անվտանգության շուրջ մշտական խորհրդակցություններ, փոխադարձ քայլեր՝ էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու համար, և եվրոպական անվտանգության և կայունության երկարաժամկետ պայմանավորվածություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բոլորը գոհ կլինեն». Թրամփը հայտնել է համաձայնագրի մասին, որը կվերաբերի թե՛ Ուկրաինային, թե՛ ԵվրոպայինՔուշները նշել է, որ անվտանգության նոր համակարգում կհարգվի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ոչ մի երկիր չի ունենա վետոյի իրավունք՝ որոշելու, թե մյուս երկիրն ինչ դաշինքների կարող է միանալ, կամ անվտանգային ինչ համակարգ է ընտրում։ Իսկ ՆԱՏՕ-ն կշարունակի կարևոր դեր ունենալ Եվրոպայի պաշտպանության գործում։
Վաշինգտոնից այս հայտարարությունները հնչում են Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված եռակողմ հանդիպումներից առաջ, որոնց ընթացքում Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն կքննարկեն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցեր:
Մոսկվան դժգոհ է Եվրոպայից
Մոսկվան դրական է գնահատել Թրամփի և Դմիտրիևի հանդիպումը: Կրեմլի խոսնակն ասել է, որ ինչ-որ պահի քննարկումը կվերաբերի նաև Եվրոպայի անվտանգությանը: Հետևաբար, ըստ Դմիտրի Պեսկովի, անհրաժեշտ կլինի, որ եվրոպացիները ևս մասնակցեն քննարկումներին: Պեսկովը, սակայն, դժգոհել է, որ Եվրոպան դեռ չի կողմնորոշվել, թե ով է իրենց անունից բանակցելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ«Հետևաբար, անհրաժեշտ կլինի նաև քննարկում եվրոպացիների հետ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք դեռ չեն կարողացել որոշել, թե ով կարող է խոսել իրենց անունից։ Այսպիսով, տեսնում ենք, որ տևական ժամանակ նրանք չունեն վճռականություն և պատրաստ չեն»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Մելանյա Թրամփն ընդունել է ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Ու մինչ կողմերը պատրաստվում են Աբու Դաբիի հանդիպմանը, ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևին, Ուկրաինայի իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններին: Հենց նրանք էին ղեկավարել ռուսական զինուժի կողմից ավելի քան չորս տարի օկուպացված Օլեշկիում հումանիտար առաքելությունը, որի շրջանակում մոտ 800 մարդ տարհանվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մելանյա Թրամփն ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներինԱյս առաքելությունը հնարավոր դարձավ Մելանյա Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ: Առաջին տիկինը հույս է հայտնել, որ Օլեշկիի նախադեպը հիմք կդառնա «ավելի երկարատև խաղաղության»։
«Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի կայուն բան, քան ժամանակավոր հրադադարն է։ Եկեք օգտագործենք Օլեշկին որպես մի կայծ խավարի այս աշխարհում, որը կարող է լուսավորել մարդկության լավագույն կողմերը»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին ուղղված նամակներ է հանձնել Կիրիլ Դմիտրիևին և Դավիթ Արախամիային: