Ըստ Թրամփի՝ Իրանում ինտերնետի վերականգնումը գործարք ցանկանալու ազդակ է

Իրանում ինտերնետը վերականգնվում է, Թեհրան, 27-ը մայիսի, 2026թ.

ԱՄՆ նախագահը Իրանում ինտերնետի հասանելիությունը վերականգնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքման ցանկության ազդակ է համարում։

Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Թեհրանը «մտադիր է» համաձայնագիր կնքել։

«Կարծում եմ՝ երևում է, որ նրանք պարզապես ուզում են գործարք կնքել։ Չեմ կարծում, թե նրանք այլ տարբերակ ունեն։ Նրանք վերականգնում են ինտերնետը, քանի որ ջախջախվում են։ Իրենց տնտեսությունն ազատ անկման մեջ է», - ասել է Թրամփը։

Իրանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ ԱՄՆ նախագահն ասել է. - «Նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Առայժմ չեն հասել դրան։ Մենք բավարարված չենք: Բայց [բավարարված] կլինենք, կլինենք։ Կա՛մ դա, կա՛մ ստիպված կլինենք գործն ավարտին հասցնել»։

Արձագանքելով Թեհրանի պնդմանը, թե Իրանը Օմանի հետ համատեղ կառավարելու է Հորմուզի նեղուցը՝ Թրամփն ընդգծել է՝ նեղուցը միջազգային ջրերում է։

«Օմանն իրեն կպահի ինչպես մնացածը, թե չէ ստիպված կլինենք նրանց էլ պայթեցնել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանի պետական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել էր, որ իր տրամադրության տակ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ Իրանի փոխըմբռնման մասին հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակային նախագիծը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ - Իրան նախնական հուշագրի մանրամասներ են հրապարակվել

Ըստ այդ նախագծի՝ ԱՄՆ զինված ուժերը դուրս կգան Իրանի մերձակայքից և կվերացնեն իրանական նավահանգիստների շրջափակումը։

Իր հերթին Իրանը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի քանակը և հասցնել նախապատերազմյան մակարդակին։ Բացի այդ, Հորմուզով նավերի երթևեկության կառավարումը և երթուղին կկարգավորի Իրանը՝ Օմանի հետ համագործակցությամբ:

Սպիտակ տնից, սակայն, շտապեցին հակադարձել, որ Իրանի պետական հեռուստատեսության հրապարակումը «ճիշտ չէ»։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից հետո Թեհրանը փաստացի անանցանելի է պահում նավթամթերքի համաշխարհային մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, նաև անհասանելի էր դարձրել ինտերնետը։

ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման ներքո է պահում իրանական նավահանգիստները։

Չնայած լարվածությանը, կողմերն ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, թեև ռազմական գործողությունների տարբերակը, Թրամփի խոսքով, մնում է սեղանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավին, Թեհրանից սպառնում են՝ նոր պատերազմի դեպքում դաժան հարվածներ կլինենԻրանը ցանկանում է ապասառեցնել 24 մլրդ դոլար՝ նախքան ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումըԽամենեի․ «Պարսից ծոցի երկրները ամերիկյան վահանի դեր այլևս չեն կատարի»Կա՛մ հարստացված ուրանը Իրանից պետք է բերվի ԱՄՆ՝ ոչնչացնելու, կա՛մ ոչնչացվի տեղում. ԹրամփՎաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի