Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, հայտարարել է, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան և իրավունք չունի հավակնել կոմիտեի նախագահի պաշտոնին:
«Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ սպորտային աշխարհն այս մասին չի ուզում խոսել: Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և իրավունք չունի 70-ից հետո հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով ընտրական և քաղաքական թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, և նա ևս չորս տարի ղեկավարի»,-Ազգային ժողովում լրագրողներին ասել է Հարությունյանը:
Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից: Նա 70 տարեկան կդառնա այս տարվա նոյեմբերին, իսկ ընտրությունը պետք է լիներ ապրիլի 11-ին: Դրանից երեք օր առաջ ֆեդերացիան դատարան է դիմել, տապալվել է ընտրության հատուկ նիստը: Հայցի ապահովման միջոց է կիրառվել, մինչև դատարանի որոշումը ընտրություն չեն կարող անել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Աբսուրդ է, քաղաքական հաշվեհարդար». ինչո՞ւ են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնումՖեդերացիան պահանջում է, որ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչվեն նրա վերջին ութ ամսվա, ինչպես նաև կոմիտեի վերահսկիչ հանձնաժողովի որոշումներն ու լիազորությունները:
Մինչև տարիքային սահմանափակման մասին պնդումը ֆեդերացիայից պարզաբանել էին, թե ՀԱՕԿ ղեկավար կազմի պաշտոնավարման ժամկետը լրացել է անցած տարվա սեպտեմբերին, ու հետո ընտրություն չի եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները. Ծանրամարտի ֆեդերացիայի պարզաբանումըԳագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է պատասխանել վարչապետի աշխատակազմի հայտարարություններին. «Լավ կլիներ՝ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես»։
Արայիկ Հարությունյանն այս տարվա հունվարից է ընտրվել Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ: Իվետա Տոնոյանը շեշտել է, թե Ծառուկյանը 22 տարի ղեկավարում է Օլիմպիական կոմիտեն ու այդ երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ ներդրումներ է արել: Իսկ իրավական խախտումների մասին Հարությունյանի պնդումներին չի անդրադարձել:
«2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները, և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում, շատերն էին հարցնում՝ արդյոք դա պե՞տք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված», - նշել է Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ թվարկելով հետո գրանցված արդյունքները:
Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին պատասխանը եզրափակել է հարցով, թե ինչպե՞ս նա «հայտնվեց Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»:
«Ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ» Հարցերս հռետորական չեն․․․», - նշել է խոսնակը:
Ավելի մանրամասն՝ այստեղ