Հյուսիսում և Հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ, Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ 2022թ.-ից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է:
Կոսը շեշտեց՝ ՀՀ-ԵՄ գործակցությունը սահմանափակված չէ միայն տնտեսությամբ. «Ես դիտարկում եմ սա նաև որպես խաղաղությանը նպաստող երևույթ»:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, ինչը ողջունեց: Նրա խոսքով՝ սահմանային անցակետերի բացումը, ճանապարհների, կամուրջների կառուցումը կարող է միավորել և նվազեցնել կոնֆլիկտների ռիսկը:
Հիշեցնելով, որ հունիսին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ՝ հանձնակատար Կոսն ասաց, որ սա կարևոր տարի է ՀՀ ժողովրդավարության համար:
«Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարներ փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջոցով: Եվրոպան այստեղ է աջակցելու համար, մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան», - հայտարարեց նա:
ԵՄ հանձնակատարը Հայաստան էր այցելել նաև կես տարի առաջ: Նկատելով, որ իր այդ այցից հետո աշխարհն ավելի անկայուն է դարձել՝ Կոսը նշեց, որ սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է գործընկերությունը Հարավային Կովկասում: Նա շեշտեց, որ Բրյուսելը Երևանն ընկալում է որպես վստահելի գործընկեր ու բարեկամ:
Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ապա առաջին անգամ կկայանա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը:
«Սա վկայում է, թե որքան է բարձրացրել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար, և որքան է խորացել մեր գործընկերությունը», - ասաց Կոսը:
Նա տեղեկացրեց, որ Մհեր Գրիգորյանի հետ ստորագրված փաստաթղթով «ավելացվելու է լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն Հայաստանի համար»:
Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատարը Հայաստանում է՝ Եվրամիություն–Հայաստան գործընկերությունն ամրապնդելու նպատակով:
Նախատեսված է հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին:
Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսը այցելում է Հայաստան՝ ամրապնդելու ԵՄ-ի և Հայաստանի գործընկերությունը