ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հինգշաբթի և ուրբաթ օրերին Հայաստանում կլինի՝ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային կապակցվածությունը զարգացնելու նպատակով։ Լուրը հաղորդում է Եվրոպական միության կայքէջը։
Ուրբաթ օրը Երևանում հանձնակատարը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների հիմնական թեմաները լինելու են առաջիկայում սպասվող ԵՄ- Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստությունը, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը՝ համաձայն ԵՄ-ի հաղորդակցության զարգացման օրակարգի։ Մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային իրավիճակի և Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության հարցերի շուրջ։
Հանձնակատար Կոսը նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 270 միլիոն եվրոյի դիմադրողականության և աճի ծրագրի առաջընթացը: Հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս։
Հանձնակատարը կհանդիպի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները։
Ուրբաթ օրը Գյումրիում հանձնակատարը կայցելի ԵՄ ֆինանսավորմամբ գործող ձեռնարկություններ։ Մինչև 2024 թվականը միայն ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7,000 հայկական բիզնեսների և ստեղծել ավելի քան 20,000 աշխատատեղ։
Հանձնակատարը կայցելի նաև Գյումրու պատմական շուկան, որը վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունները տեխնոլոգիայում և դիզայնում։
Մարթա Կոսը ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում։ Այնուհետև կհանդիպի Երիտասարդ եվրոպացի դեսպանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԵՄ ֆինանսավորմամբ նախագծերին մասնակցող լրագրողների հետ՝ քննարկելու նրանց աշխատանքը և նրանց դերը Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը պահպանելու գործում։