Ընդդիմությունն ահազանգում է ճնշումների մասին, ՔՊ-ն «շատ լավ» է գնահատում ընտրությունների ընթացքը

Ընդդիմադիրները ահազանգում են ճնշումների ու ձերբակալությունների մասին, ՔՊ-ն, մինչդեռ, ընդհանուր առմամբ շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակից, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով 6 ամիս է տնային կալանքում է, և ընտրելու եկավ իրավապահների ուղեկցությամբ, քվեարկությունից առաջ ռուսական լրատվամիջոցի հարցին ի պատասխան հայտարարեց, որ այսօր էլ իրենց աջակիցների ձերբակալությունները շարունակվել են։

«Հենց այս պահին էլ մեր աջակիցներին ձերբակալում են, երեկ էլ մոտ 100 մարդու են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա։ Չնայած ձերբակալությունները, ճնշումները շարունակվում են, բայց դա հայ ժողովրդի դիրքորոշման վրա չի ազդելու։ Այսօր հայ ժողովուրդը կկատարի ճիշտ որոշում, և Հայաստանում, վերջապես, կլինի լեգիտիմ իշխանություն», - հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր քվեարկությունից հետո խայտառակություն որակեց տեղի ունեցողը, պնդեց՝ ճնշումների պատճառը իշխանությունը կորցնելու Փաշինյանի վախն է։

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ 100-ավոր մարդկանց վրա, բոլոր՝ անխտիր ընդդիմադիրների նկատմամբ, քրեական գործեր, տնային կալանքներ և այլն, և այլն։ Սա ուղղակի խայտառակություն է», - ասաց Քոչարյանը։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանն ավելի ուշ հրավիրած ասուլիսում պնդեց՝ ընտրությունների ընթացքում մի շարք խախտումներ են արձանագրել, մասնավորապես՝ բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր։ Այդ առնչությամբ հաղորդումներ են ներկայացրել ԿԸՀ և դատախազություն, արձագանք, սակայն, դեռևս չեն ստացել։

Ընտրություններին նախորդող ու նաև բուն ընտրական փուլում իշխանության ճնշումների մասին է բարձրաձայնում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Քաղաքականության էջը փակած ու նորից բացած մեծահարուստ գործարարը, սակայն, վստահ է՝ ինչքան էլ ճնշումներ բանեցվեն, միևնույն է, Փաշինյանն արդեն պարտված է։

«Էսօր էլ մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղը, որ մարդիկ չզբաղվեն, բայց դա հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասելը դա ապագա չի... Ինչքան էլ անեն՝ պարտված է, անհնար է... էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Տնտեսական պատերազմ, դա արդեն նշանակում է, եթե տնտեսություն չկա, պետություն չկա», - նշել է Գագիկ Ծառուկյանը։

Իշխող ուժը, մինչդեռ, այսօր հրավիրած ասուլիսում շտապեց հակադարձել՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել։

Փաշինյանի առաջնորդած ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին հիշեցրեց նրա պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ընտրությունները, երբ քվեատուփեր էին փոխում։

«Որևէ քաղաքական ճնշման մասին էստեղ չի կարող խոսք լինել, մարդիկ, էսպես ասած, կոնին, քեշ և մեծ փող են դրել, և դրա համար պիտի պատժվեն, որովհետև ընտրությունները չի ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, այսօր էլ հերքեց իր ուժի հասցեին հնչող մեղադրանքները։

«Իհարկե չենք բաժանել ընտրակաշառք, որ բաժանած լինեինք՝ հիմա ինձ նորից կալանավորված կլինեին», - նշեց Կարապետյանը։

«Ազատության» հարցին՝ իշխանության մեղադրանքները որևէ հիմք ունե՞ն, նա որևէ կապ ունի Ռուսաստանից եկող հայերի հետ, Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ «իհարկե ոչ, ես կալանքի տակ լինելով՝ ի՞նչ կապ կարող եմ ունենալ...»։ Այնուհետև հավելեց, թե մարդկանց «բերելու խնդիր չկա, ով գալիս է՝ գալիս է, ինչպե՞ս կարող ենք...»։ Դիտարկմանը, օրինակ՝ տոմսեր գնելով, ինչ-որ ձևով շահագրգռելով, Կարապետյանն այսպես հակադարձեց.

«Իհարկե, չկա այդպիսի դեպք, այդպիսի դեպք, որ լիներ, իրենք ասել են՝ աերոպորտում բոլորին դիմավորում են, բոլորին տանեն կալանքի»։

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպես և հանուն ինչի քվեարկեցին Փաշինյանը, Կարապետյանը, Քոչարյանը և ԾառուկյանըՀերթեր, տեխնիկական խափանումներ և բարձր մասնակցություն՝ ընտրությունների օրը ԵրևանումԽուզարկություններ, ընդդիմադիրների ձերբակալություններ Գյումրիում«Ուժեղ Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն ահազանգում են ժամը 20-ից հետո զինվորների քվեարկության մասին, ԿԸՀ նախագահը պարզաբանում էԾեծ, տեխնիկական խափանումներից մինչև ընտրողներին ուղղորդելու դեպքեր՝ ընտրություններին