Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ահազանգում են քվեարկության ավարտից՝ ժամ 20:00-ից հետո զինվորներին քվեարկության տանելու մասին:
Այս կուսակցությունների ներկայացուցիչները ընտատեղամասերի ուղիղ հեռարձակումներից տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են քվեարկող զինվորները:
Պաշտպանության նախարարությունից առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ընդդիմության ահազանգի վերաբերյալ:
Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. - «Մեր զինվորականները, մեր զինվորները տեղամաս մուտք են գործել մինչև 20:00-ն, այսինքն՝ իրենք տեղամասում են եղել մինչև տեղամասի փակվելը, և տեղամասի փակվելուց հետո արդեն իրենք լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել»:
«Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել», - ասաց Վահագն Հովակիմյանը: