Ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում

Ընդդիմադիրների բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց, Երևան, 14-ը հունիսի, 2026թ.

Ընդդիմադիր ուժերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու հարցը փակված չեն համարում: «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր են այս ուրբաթ դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Դեռևս հստակ պարզ չէ՝ արդյո՞ք ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից, թե՞ ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ում» կարծում են, որ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցը կարող է լուծում ստանալ հենց Սահմանադրական դատարանում:

«Մոտ 60 հազար ձայն, մեկ ամբողջ քաղաքական ուժ, որը ի սկզբանե հաղթահարել է, հաղթահարում էր շեմը, արհեստական եղանակով ընդհանրապես դուրս թողնվեց խաղից», - նշեց Մելոյանը:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հենց Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգ սահմանելու որոշման շրջանակում է հնարավոր համարում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան:

«Այսինքն՝ Սահմանադրական դատարանը ելքային փաստերի հիման վրա ԿԸՀ որոշումը չեղարկում է, անվավեր է ճանաչում, ինքը ըստ էության նոր վերջնական ամփոփիչ ակտ է ընդունում, որով կարող է արձանագրել կա՛մ, օրինակ, էդ անվավեր արդյունքները չեղարկել երեք տեղամասային կենտրոնների, ԲՀԿ-ի անցողիկությունը նորից երաշխավորել և մանդատների բաշխման նոր կարգ սահմանել, որը կտարբերվի ԿԸՀ-ի բաշխումից», - ասաց Մելոյանը:

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին հայտարարած «Հայաստան» դաշինքում ևս ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցը փակված չեն համարում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավորի թեկնածու, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ չնայած չեն վստահում Փաշինյանի օրոք ընտրված Սահմանադրական դատարանին, բայց, ամեն դեպքում, իրավական դաշտում պահանջվող բոլոր քայլերը ձեռնարկելու են:

Սահմանադրական դատարանի 9 դատավորից 8-ը ընտրվել են Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, ընդ որում՝ ՍԴ դատավորներից Վլադիմիր Վարդանյանը տակավին երեք ամիս առաջ իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր էր:

«Ակնհայտ եթե Սահմանադրական դատարանը առաջնորդվի Սահմանադրությամբ, ԲՀԿ-ի մուտքը երաշխավորված է լինելու, եթե շարունակի ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծառայի ռեժիմին, գնա ապօրինության, կընտրի էդ ճանապարհը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Իշխանությունը, մինչդեռ, ինքն է մեղադրում ընդդիմությանը ընտրակաշառքով խորհրդարան ընտրվելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Հիմա էլ քննարկում են, ասում են՝ «մանդատները վերցնե՞նք, թե՞ չվերցնենք»: Անկեղծ ասած՝ եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք», - օրերս հայտարարեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը կաբինետում մեծ փոփոխություններ չի անի

Ընդդիմադիրները դեռ չեն հստակեցնում ՝ մանդատները կվերցնե՞ն

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո էլ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները դեռ չեն հստակեցնում՝ ի վերջո վերցնելո՞ւ են իրենց բաժին հասած համապատասխանաբար 29 և 12 մանդատները, ընդգծելով, որ այդ հարցին կպատասխանեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

«Չենք համարում, որ այս պահին պրոցեսը ավարտված է, դեռ դիմացը կա Սահմանադրական դատարանը, բավականին լուրջ ու մի քանի ուժերի կողմից փաթեթներ են պատրաստվում ՍԴ դիմելու, այդ գործընթացից հետո նոր մենք վերջնական՝ մանդատ վերցնում ենք, չենք վերցնում, ինչ քաղաքական քայլեր ենք նախաձեռնում, դրա մասին կասենք», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

«Մենք չունենք կայացրած որոշում էս պահի դրությամբ, հիմա մենք պետք է էլի սպասենք, տեսնենք՝ Սահմանադրական դատարանի զարգացումների արդյունքում ինչ են տեղի ունենում», - ասաց Գոհար Մելոյանը:

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կվիճարկի նաև Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը, որը երեք տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո դուրս մնաց խորհրդարանից: Ծառուկյանի խոսնակ Իվետ Տոնոյանը «Ազատությանը» փոխանեց, որ հայցն արդեն նախապատրաստվում է:

«Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ընդամենը թվաբանական աճպարարության արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հատել անցողիկ շեմը», - «Ազատությանը» ասաց Տոնոյանը:

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը այս ուրբաթ է, բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել. ԿԸՀ պարզաբանումըՎերաքվեարկություն տեղի չի ունենա. ԿԸՀ-ն հրապարակեց որոշումը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը, բայց «արձանագրել է խախտում և վերաքվեարկության անհրաժեշտություն». ՏոնոյանԲՀԿ-ն վիճարկում է ԿԸՀ-ի՝ 2 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումները «Իշխանությունը գլխացավանք է ունենալու փողոցի ձևով». ԲՀԿ-ում վստահ են՝ անցնելու են խորհրդարան