«Վտանգավոր իրավիճակ». Ադրբեջանը վախենում է Իրանի հետ ընդլայնվող պատերազմի մեջ ներքաշվելուց

Ադրբեջանում աճում են մտավախությունները, որ երկիրը կարող է ներքաշվել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող պատերազմի մեջ։

Բաքուն արդեն մեղադրել է Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

Երեկ տեղի ունեցած այս դեպքը մեծացրել է մտահոգությունները Ադրբեջանում, որը սերտ ռազմական, տնտեսական և էներգետիկ կապեր ունի Թեհրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի հետ․ շատերն են մտահոգ, որ երկիրը կարող է հայտնվել Իսլամական Հանրապետության թիրախում, որը փետրվարի 28-ից արձագանքում է ԱՄՆ-Իսրայել զանգվածային օդային հարվածներին։ Ի պատասխան Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել ԱՄՆ ռազմական և դիվանագիտական օբյեկտների վրա, հարվածել Պարսից ծոցի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին։ Փորձագետների կարծիքով՝ Թեհրանի նպատակն է ընդլայնել պատերազմը և մեծացնել հակամարտության գինը Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հարվածել է Նախիջևանին, կան տուժածներ, հայտարարում է Բաքուն, սպառնում պատասխանով

«Սա վտանգավոր իրավիճակ է», - «Ազատությանն» ասել է Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջասուր Մամեդովը, շեշտելով, որ «Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ»։ Ըստ վերլուծաբանի՝ եթե Բաքվի ամենամոտ դաշնակից Թուրքիան օգնության ձեռք չմեկնի, «շատ դժվար կլինի պաշտպանել երկիրը»։

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող, նավթով հարուստ Ադրբեջանում մտահոգությունների մեծ մասը էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ խողովակաշարերի և արտադրական օբյեկտների շուրջ են։

«Իրանը մշակել է այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել մինչև 1000 կիլոմետր», - ասել է Մամեդովը՝ նկատի ունենալով «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հեռահար տարբերակը, որը կարող է անցնել մոտ 1500 կիլոմետր։ «Դա նշանակում է, որ այն կարող է հեշտությամբ հասնել Ադրբեջանի՝ Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև ցանկացած քաղաք», - հավելել է նա։

Փորձագետները նշում են, որ Բաքվի սերտ կապերը Իսրայելի հետ Ադրբեջանը դարձնում են Իրանի պոտենցիալ թիրախ։ Ադրբեջանը, որը Իրանի հետ ունի մոտ 700 կիլոմետրանոց սահման, Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է։ Իսրայելն, իր հերթին, Բաքվին վաճառում է զենք և անօդաչու թռչող սարքեր։

«Եթե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները հարված ստանան [Իսրայելի կողմից], Թեհրանը կարող է Ադրբեջանի էներգետիկ օբյեկտները դիտարկել որպես պոտենցիալ թիրախներ, հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելը իր էներգիայի զգալի մասը Ադրբեջանից է ստանում», - պատերազմից առաջ ասել էր ԱՄՆ-ում բնակվող Իրանի հարցերով վերլուծաբան Ալեքս Վատանկան։

Չնայած Իսրայելի հետ իր աճող կապերին՝ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում՝ օդը որևէ երկրի կողմից օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։



Բայց Իրանը քննադատաբար է վերաբերվում Իսրայելի ներկայությանը Ադրբեջանում, անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ Թեհրանը նաև Բաքվին մեղադրեց իսրայելական հետախուզության հետ համագործակցելու համար։ Ադրբեջանում հերքում են այս մեղադրանքները։



Ի դեպ, Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հազվադեպ այցելություն կատարեց Բաքվում գտնվող Իրանի դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու փետրվարի 28-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

Սակայն մարտի 5-ին Ալիևի տրամադրությունը փոխվեց։

«Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրվի, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Ալիևը Ադրբեջանի նախագահի կից Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Թեհրանը հերքել է, որ անօդաչու թռչող սարքեր է արձակել Ադրբեջանի վրա։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը... հերքում է, որ իր զինված ուժերը անօդաչու թռչող սարք են արձակել Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ», - ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ՝ ըստ պետական հեռուստատեսության, որը մեղադրել է Իսրայելին։

Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը նշել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակումը կստիպի Բաքվին միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար և խորհրդակցություններ սկսել Թուրքիայի հետ։

Ադրբեջանն ու Թուրքիան ունեն խորը պատմական և մշակութային կապեր։ 2021 թվականին կողմերը ընդլայնեցին իրենց «մեկ ազգ, երկու պետություն» գործընկերությունը, որի շրջանակներում երկու կողմերն էլ պարտավորվեցին օգնել միմյանց հարձակման դեպքում։

2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմների ժամանակ Թուրքիան զենք է մատակարարել Բաքվին, այդ թվում՝ առաջադեմ անօդաչու թռչող սարքեր։ Երևանը մեղադրել է Թուրքիային հակամարտությանը անմիջական մասնակցության մեջ, ինչը Անկարան և Բաքուն հերքել են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ին դատապարտել է Ադրբեջանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումները՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» նման հարձակումները։

Դրանից մեկ օր առաջ Անկարան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալիստիկ հրթիռ է որսացել Թուրքիայի սահմանային շրջանում։ Իրանը հերքել է մեղադրանքները, որ բալիստիկ հրթիռ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռյուտե․ Թուրքիայի ուղղությամբ արձակված իրանական հրթիռի պատճառով 5-րդ հոդվածը չի ակտիվացվի



«Թուրքիան ինքնին կարող է սպառնալիք զգալ և կարող է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ», - ասել է Թուրքիայում բնակվող իրանցի վերլուծաբան Աթա Մոհամմադ Թաբրիզին։