Բադալյանները վճարում են, «Վարչաբենդը»՝ նվագում. ո՞րն է խնդիրը

«Վարչաբենդի» մասնակցությամբ Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին սպասվող համերգն ամբողջությամբ ֆինանսավորելու է «Վիվառո» ընկերության սեփականատերեր Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Ֆաստ» բանկը: Սա վերջին մեկ շաբաթում երկրորդ համերգն է այս բանկի ֆինանսավորմամբ: Նախորդը Գյումրիի բեմում էր, կուսակցական երգերով հանդես եկած «Վարչաբենդը» հիմա էլ նույն կազմով բեմ կբարձրանա Երևանում:

Թե ինչքան գումար է Բադալյաններին պատկանող բանկը ընտրություններից շաբաթներ առաջ ծախսելու այս համերգների կազմակերպման, նաև հրավիրյալ երգիչներին վճարելու համար, կազմակերպիչ ընկերությունից՝ «Դոմինո փրոդաքշնից» հրաժարվեցին հայտնել:

«Ընկերության կոնֆիդենցիալ ինֆորմացիան է, ինչի՞ պետք է ասեմ։ Ոչ մի պետական միջոցառում չէ, պետական ֆինանսավորում չէ, որ պետք է ներկայացնենք։ Հովանավոր է, հովանավորով արվող միջոցառում է», - ասաց «Դոմինո փրոդաքշն» ընկերության ղեկավար Աշոտ Առաքելյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ականատես»-ը պնդում է՝ Գյումրիում համերգին մասնակցությունն ուղղորդված է եղել, իշխանությունը՝ հերքում

Համերգների այս արշավի մասին հայտարարվեց ապրիլի սկզբին՝ «Խաղաղության ձայն» կարգախոսով: Գյումրիում հենց համերգին հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանին իր հիմնած «Վարչաբենդով» հրավիրել են միանալ այդ փառատոնին, որի բեմում պաստառներին գրված էր «Իրական Հայաստան», խորագիրն էլ ասոցացվում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսի հետ՝ «տեր կանգնիր» խաղաղությանը: Ավելին, վարչապետն ու թիմակիցները կրում էին գլխարկներ, որոնց վրա գրված էր «Խաղաղություն»՝ Փաշինյանի խորհրդանշական սրտիկով:

Սա արդյոք չի՞ նշանակում, որ Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող բանկը կուսակցական միջոցառում է ֆինանսավորում: Դիտորդներն այս հարցով դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ այս համերգի շահառուն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է. «Ապրիլի 19-ին Գյումրիում տեղի ունեցած համերգը, 25-ին Երևանում նախատեսված համերգը մենք դիտարկում ենք որպես «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական, ինչ-որ առումով նաև քարոզչական միջոցառում»:

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները տեսանյութեր են նկարում և կոչ անում ներկա լինել այդ համերգին և միասին նշել «Քաղաքացու օրը»:

Մինչդեռ համերգը կազմակերպող ընկերության տնօրենն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե միջոցառումը քաղաքացու օրվա հետ ոչ մի կապ չունի:

Դիտորդական դաշինքի գնահատմամբ՝ միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը և կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն:

«Կուսակցությանը բնեղենով նվիրատվություն կարող է կատարվել միայն Հայաստանի քաղաքացի ֆիզիկական անձանց կողմից, առավելագույնը տարեկան 10 միլիոն դրամի չափով։ Օտարերկրացիներն ու իրավաբանական անձինք իրավունք չունեն նույնիսկ բնեղենով նվիրատվություն կատարել կուսակցություններին։ Այնինչ, համերգների պարագայում մենք տեսնում ենք, որ այդ համերգները ունեն հովանավորներ, որոնք երբեմն իրավաբանական անձինք են։ Հետո այդ համերգների վրա ծախսված գումարը, որ բաժանում ենք հովանավորների քանակի վրա, 10 միլիոն դրամն ակնհայտորեն գերազանցում է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այս կանոնների խախտում կա, այս սահմանաչափերի խախտում կա, և դիմել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով», - նշեց Իոաննիսյանը:

Եվ մինչ «Անկախ դիտորդն» անհրաժեշտ է համարում ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի՝ Վիգեն Բադալյանի, թե՞ իրավաբանական անձի՝ Վիգեն Բադալյանին պատկանող «Ֆասթ» բանկի անունից, ապրիլի 25-ին սպասվող համերգը կազմակերպող «Դոմինո փրոդաքշնից» «Ազատությանը» հայտնեցին՝ միակ ֆինանսավորողը հենց «Ֆաստ» բանկն է, այսինքն՝ խոսքը իրավաբանական անձի մասին է:

«Պայմանական ասած՝ այստեղ ես ուղղակի հստակեցնեմ, նույնիսկ օրինակ՝ իրավաբանական անձը կամ օտարերկրացին, կամ ֆիզիկական անձը 10 միլիոն դրամից ավել շուկայական արժեքով չի կարող որևիցե կուսակցությանը, նույնիսկ ընտրություններից դուրս, ընտրությունների ժամանակ առավել ևս, ինչ-որ բանով աջակցի, օրինակ՝ միջոցառում կազմակերպի, այդ միջոցառման ծախսերը հոգա, և դա անի, օրինակ, իրավաբանական անձը», - ասաց Իոաննիսյանը։

Օրենքով ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից կուսակցություններին նվիրատվություն կատարել չի թույլատրվում, իսկ քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելու համար և նախատեսում պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում երկու ամիս ժամկետով։ Համերգները, որ կազմակերպվում են, ըստ Իոաննիսյանի, ձևով երաժշտական փառատոններ են, իսկ բովանդակությամբ՝ կուսակցական միջոցառում:

Այս դեպքում չի՞ ստացվում, որ օրենք է խախտվում Իոաննիսյանի գնահատմամբ՝ այո:

Ինչ վերաբերում է Բադալյանների և իշխանության փոխհարաբերություններին, Վահե Բադալյանն անցած շաբաթ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը «գոլ» է ակնկալում խոշոր գործատուներից

Սա վարչապետի ու Բադալյանների առաջին շփումը չէր. 2024-ի ամռանը նա այցելել էր Բադալյանների հիմնադրած գյուղատնտեսական տարածք: Վիգեն Բադալյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, վերջինս այս հանգամանքը երբեք չի թաքցրել, սակայն մշտապես վստահեցնում է, թե այդ կապն ընկերոջ բիզնես շահերին չի ծառայում: 2021-ին նրա, Բադալյանի, իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Էդուարդ Աղաջանյանի համատեղ հանգիստը հունական Միկոնոսում մեծ աղմուկ բարձրացրեց: