Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ ու «գոլ» ակնկալել նրանցից:
«Իմ հիմնական ուղերձն այն է, որ մենք գոլային իրավիճակը ստեղծել ենք, այդ թվում՝ մեր տնտեսության համար, մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական անընդհատ օգտագործել», - ասել է նա:
Մոտ երկու տասնյակ հրավիրյալների շարքում, ինչպես պարզ է դառնում տարածված տեսանյութից, չկան նրա ներքաղաքական ընդդիմախոսների՝ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբից ու Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպից» ներկայացուցիչներ:
Կառավարությունից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել՝ արդյոք եղե՞լ է հրավեր, և նրանք չեն ընդունել այն, թե՞ ընդհանրապես չեն հրավիրել ու ինչո՞ւ: Ծառուկյանից թիմից էլ չպարզաբանեցին, իսկ Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբից միայն փոխանցեցին՝ «սեփական երկրի տնտեսվարողներին պատերազմ հայտարարած կառավարությունից» որևէ հրավեր չեն սպասում և քննարկելու բան էլ չունեն:
Ընտրություններից երկու ամիս առաջ անցկացված այս հանդիպմանը ներկա էին «ՎիվաՍելի» երկարամյա տնօրեն, այժմ «Յուքոմը» ղեկավարող Ռալֆ Յիրիկյանը, «Էրեբունի» Բ/Կ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը՝ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի փեսան, «Ֆաստ» բանկի սեփականատերերից, օնլայն խաղատների ոլորտում բիզնես ծավալող Վահե Բադալյանը, «Գրանդ քենդիի» սեփականատերերը՝ Վարդանյան եղբայրները, կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրը՝ «Արմենիա վայնի» սեփականատերերից Վահագն Մկրտչյանը, որն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով:
Հրավիրյալների շարքում էին նաև «ՍԱՍ» գրուպի սեփականատերերից Արտակ Սարգսյանը, խոշոր բիզնեսմեն, տարիներ շարունակ ՀՀԿ գործարար մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը:
Արտակ Սարգսյանի շուրջ ամենամեծ սկանդալը պայթեց 2017-ի ընտրություններից առաջ, երբ հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատիրոջ համար և սպառնում՝ ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը: «Հետքի» տեղեկություններով՝ այդ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը: Գործը կարճվեց, իսկ Սարգսյանը, հեղափոխությունից մեկ ամիս էլ չէր անցել, լքեց ՀՀԿ-ն:
Նա 2018-ին Փաշինյանի օգտին խորհրդարանում քվեարկած հանրապետական պատգամավորներից էր, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանը, որն այսօր ևս վարչապետի հետ նույն սեղանի շուրջ էր:
2012-ին Մալաթիայում Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը պատգամավորի մրցակից թեկնածուներ էին, 14 տարի առաջ Փաշինյանն Ալեքսանյանին ընտրողներին փող բաժանելու մեջ էր մեղադրում, բայց նրա բողոքները մեկը մյուսի հետևից մերժվում էին:
Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում. Փաշինյան
Այսօր վարչապետը նաև Ալեքսանյանին էր ասում՝ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ:
«Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ ՀՀ-ն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից, բայց ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ, և իրականացվում են, բայց քաղաքական հստակ հանձնառությունն այն է, որ այդ թվում՝ արտահանումն էլ է հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Ուզում եմ ասել, որ քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Սամվել Ալեքսանյանն, ի դեպ, առաջիններից էր, որ հացահատիկ ներմուծեց Հայաստան Ադրբեջանի տարածքով, իսկ նրա կնոջ ազգականը՝ բենզին Ադրբեջանից:
Աշխատատեղ ստեղծելու պատասխանատվությունը վարչապետը վերապատվիրակում էր գործարարներին. Պարսյան
«Իշխանությունները, օգտվելով իրենց դիրքից, խոշոր գործարարներին այսպիսի քարոզչական միջոցառումների մեջ են ներառում: Նման ձևաչափով հանդիպումներն էլ ավելի են հանրության մոտ ձևավորում այն կարծիքը, որ իշխանությունն իր կողքին ունի խոշոր բիզնեսի աջակցությունը և կարող է հեշտությամբ վերարտադրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսական մեկնաբան Սուրեն Պարսյանը:
Նրա ուշադրությունն ընտրություններից երկու ամիս առաջ վարչապետի ու գործարարների հանդիպման հրապարակային մասից մի դրվագ է գրավել:
«Փաշինյանը ներկայացնում է, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսված է 25 հազար աշխատատեղ և այլն, և ըստ էության, կարող ենք տողատակով նայել՝ վերապատվիրակում էր այդ պատասխանատվությունը, ստանձնած պարտավորությունը խոշոր գործարարներին, որ իմացեք, որ տարեկան պիտի 25 հազար աշխատատեղ ստեղծեք նաև դուք, որը դարձյալ չի բխում ընդհանուր ժողովրդավարության շահերից ու տրամաբանությունից», - հավելեց Պարսյանը:
Հանդիպումից միայն վարչապետի բացման խոսքն է տարածվել: Թե ինչ հայտարարություններ են հնչել, երբ անջատվել են տեսախցիկները, ինչ հարցուպատասխան է տեղի ունեցել վարչապետի ու խոշոր գործարարների միջև, անհայտ է: