«Ականատես» դիտորդական առաքելությունը անցած կիրակի Նիկոլ Փաշինյանի խմբի՝ «Վարչաբենդի» համերգին հանդիսականների ուղղորդված մասնակցություն է արձանագրել: Առաքելության համակարգող Մերի Մինասյանի փոխանցմամբ՝ Գյումրիում աշխատող դիտորդներն իրենց նկատածը նաև մի քանի աղբյուրից են ճշտել ու հաստատում ստացել:
«Ուղիղ դիտորդության միջոցով է իրականացվել: Մենք ունեինք տարբեր դիտորդներ՝ 4-5, ովքեր հետևել են այդ միջոցառմանը, մինչև անգամ սկսվելը՝ ինչպես են մարդիկ հավաքվել, ովքեր են եկել, և որոշակի աղբյուրներից արդեն այդ տեղեկատվությունն ստացվել է, հենց նաև դիտորդների ու այլ անոնիմ աղբյուրների միջոցով ևս: Այսինքն՝ մի քանի աղբյուրից ունենք այդ տեղեկատվությունը միջոցառմանը մարդկանց կազմակերպված մասնակցության վերաբերյալ», - «Ազատությանն» ասաց նա:
Ըստ դիտորդների՝ Գյումրիին մերձակա Ախուրյան համայնքի դպրոցների մանկավարժներին, նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարանների աշխատակիցներին եղել է հրահանգ: Հստակ նշվում է, թե ուղղորդումը որտեղից է եղել:
«Գյումրիի հրապարակի վրայի գրասենյակից։ Այն տեղեկատվությունը, որը հաստատված է, վերաբերել է Ախուրյան համայնքի ենթակայությամբ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններին և դպրոցներին, ու հրահանգվել է հենց կուսակցության գրասենյակի կողմից ապահովել մասնակցությունը այդ միջոցառմանը», - նշեց Մերի Մինասյանը։
Կուսակցության գրասենյակից Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պնդմամբ՝ Գյումրիի գրասենյակը Ախուրյան համայնքի հետ կապ չունի: Առուշանյանը, որ Շիրակում նաև իշխող ուժի նախընտրական շտաբի պետն է, առհասարակ բացառեց ուղղորդումը:
«Աղմուկի իմաստը չեմ հասկանում, մեկը գրում է՝ մարդ չկար հրապարակում, մյուսը գրում է, որ հրապարակ մարդիկ էին բերել, կողմնորոշվեն թող», - ասաց նա:
«Ականատես» դիտորդական առաքելությունը, ամփոփելով իր բացահայտումը, հայտարարում է, որ կրթական հաստատությունների աշխատողների կամքի վրա ազդելու նպատակով քաղաքական լծակների կիրառումը խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարության սկզբունքներին։ Չնայած այս հանգամանքին, իրավապահներին հաղորդում չեն ներկայացրել:
«Յուրաքանչյուր դեպքի հետ կապված մեր իրավաբանական թիմը վերլուծում է, փորձում ենք հասկանալ՝ ինչ իրավական հիմքեր ունենք հաղորդում ներկայացնելու համար կամ համապատասխան, օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ-բողոքներ ներկայացնելու համար։ Կոնկրետ այս դեպքում մենք ոչ մի տեղ հաղորդում չենք ներկայացրել։ Մի քիչ ավելի չկարգավորվող դաշտում է սա», - նշեց Մինասյանը:
Հենց երեկ Լոռու մարզում լայնածավալ խուզարկություններ էին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» աջակիցների բնակարաններում՝ մարդկանց հավաքին մասնակցելու հարկադրանքի հոդվածով հարուցված գործի շրջանակներում: Այս դեպքերը համադրելով՝ ընդդիմադիրները պնդում են, որ երկակի ստանդարտներ են գործում՝ երբ խոսքը իշխանության մասին է, իրավապահները ընթացք չեն տալիս, այնինչ ընդդիմադիրների նկատմամբ շատ արագ քրեական վարույթներ են հարուցվում:
Շիրակի ՔՊ-ական մարզպետը այս քննադատությունը ևս չի ընդունում. «Բա օրենքի խախտում է եղել, քրեական վարույթ է, ինչո՞ւ են զարմանում, որ քրեական վարույթ է, առաջվա պես պիտի քրեական վարույթ չլիներ, «Գազելի» միջից փող բաժանելու առերևույթ բոլորի աչքի առաջ, այդպես պիտի լինե՞ր, որ ժողովրդավարությունից խոսեին։ Վստահ եղեք, վստահեցնում եմ, եթե այստեղ էլ օրենքի խախտում լիներ, որևէ տեղ օրենքի խախտում լինի, կապ չունի ընդհանուր առմամբ, թե որ ուժի կողմնակիցն է, իր մոտ քրեական վարույթ է հարուցվելու: Այդ փաստն էլ, գիտեք, նաև Էջմիածնի ընտրությունների ժամանակ է տեղի ունեցել։ Այնպես որ իրավապահ համակարգի համար ընդհանրապես կապ չունի, թե որ ուժն է օրենք խախտում, օրենքը բոլորի համար հավասար է»։
Դատախազությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք դիտորդական առաքելության հայտարարությունը հիմք կընդունե՞ն ու վարույթ կհարուցե՞ն կամ եթե չեն հարուցել, ապա որո՞նք են պատճառները: Կառույցից հրաժարվեցին պատասխանել, գրավոր հարցում պահանջեցին, որն ուղարկել ենք:
«Ազատությունը» զրուցեց նաև Ախուրյան համայնքի 3 դպրոցներից 2-ի տնօրենների հետ: Անահիտ Մազմանյանն ասաց, որ ինքը տեղյակ էլ չի եղել, քանի որ վատառողջ է եղել, իսկ մյուս դպրոցի տնօրեն Հայկ Ռուշանյանը հաստատեց, որ իրենց դպրոցից մասնակցել են համերգին, ինքը՝ ևս, բայց առանց ուղղորդելու ու պարտադրանքի:
«Նման ուղղորդումներ չեն եղել, բնականաբար: Ոչ աշխատանքային օր է եղել, մասնակցել են մեր մանկավարժներից, մեր աշխատակիցներից, նաև ծնողների իրենց երեխաների հետ», - ասաց նա:
Համերգի օրը «Ազատությունը» նկատել էր տարբեր մարզերից ժամանած մարդկանց, որոնք ավտոերթով էին հասել Գյումրի, նրանք նախօրոք գրանցվել էին այդ երթին մասնակցելու համար: Նրանց շարքերում նկատել էինք մարզպետարանների աշխատակիցների, տարբեր քաղաքների ու գյուղերի ղեկավարների: