Վերջին հայերն են հեռանում Արցախից

Լեռնային Ղարաբաղ - Հայաթափված Ստեփանակերտը, նոյեմբեր, 2023թ.

Վերջին հայերը հեռացան Ստեփանակերտից: Իրենք են այդպես ուզել, առավոտյան գրառմամբ մանրամասնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«10 հայեր և ազգությամբ ռուս մեկ Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», - Ֆեյսբուքում գրել է Թորոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան են տեղափոխվել ԼՂ-ում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս 1 ՀՀ քաղաքացի

«Ազատության» տեղեկությամբ՝ ադրբեջանական դարձած Արցախից տեղափոխվածները Գորիսի հյուրանոցներից մեկում են, տնօրենն ասաց՝ իրավասու չէ որևէ տեղեկատվություն տրամադրել. - «Կներեք, նման տեղեկատվություն տալ չեմ կարող: Հյուրեր ունենք, որոնք հիմա ճաշում են, բայց թե ով է, չեմ կարող ասել»:

Ավելի ուշ առողջապահության նախարարը տեղեկացրեց՝ բոլորը ստացել են բուժզննում, միայն մեկը հոսպիտալացվել է՝ Գորիսի հիվանդանոցում է: «Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է», - հայտնեց Անահիտ Ավանեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածներից մեկը Գորիսի հիվանդանոցում հետազոտվում է, մյուս 10-ի վիճակը բավարար է. Ավանեսյան

Պետական որևէ մարմին, սակայն, մինչև այժմ չի հրապարակել անվանացանկ՝ ովքեր են վերադարձել: Հարազատները սոցապ նախարարի գրառումից են տեղեկացել, որ տեղափոխվողներ են եղել, ու մինչև այժմ անհանգիստ են՝ ովքե՞ր են:

Արցախցիների բռնի տեղահանումից հետո քանի՞ հայ մնաց այնտեղ, պաշտոնական Բաքուն վերջին ավելի քան երկու տարում որևէ թիվ չի ներկայացրել: Հայկական կողմում պատկերացում էին կազմում այնտեղից տարածվող տեսանյութերը վերլուծելով, հաշվելով: Տեղահանվածներն ադրբեջանական տեսանյութերում ճանաչել էին Միշա Գրիգորյանին, որ կավից արձաններ էր պատրաստում, Ռիտային, ենթադրվում է՝ ազգությամբ ռուսը նա է, որ Ստեփանակերտում անտուն շներին ու կատուներին էր կերակրում, Ֆրեդը՝ միայնակ տղամարդ կորացած մեջքով, նրան ադրբեջանցիները պարբերաբար ծաղրում էին, տիկին Լարիսան Հադրութից ու էլի մի քանիսը, որ մնացել էին Ստեփանակերտում ու այնտեղից պարբերաբար Բաքվի տեսախցիկների առջև խոսում էին իրենց լավ կյանքի մասին, հեռացածներին հորդորում վերադառնալ: Չեն ասել, որ ուզում են գալ, շեշտում է Արցախի օմբուդսմենը:

«Ոչ միայն չեն ասել, որ ուզում են գան, այլ ես տեղյակ եմ, եկեք անուններ չտամ, էդպես ճիշտ չի, էլի, բայց ես ունեմ նաև տեղեկություն, որ կար մարդ, որի հարազատները՝ մի մասը՝ Հայաստանում, մի մասը՝ արտերկրում, նրան համոզել են, համոզում էին ժամանակին, որ դուրս գա, տեղափոխվի, որ իրենք պատրաստ են դա նաև Կարմիր Խաչի միջոցով կազմակերպել, և մարդը հստակ մերժում էր, էսպես ասած, չէր համաձայնում և ասում էր, որ «էսա դուք բոլորդ եք վերադառնալու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի անկումից հետո Հայաստան գալ հրաժարվել էր նաև 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը: Հիշողության խնդիրներ, էպիլեպսիայի նոպաներ ուներ, պատմում է քույրը, որ նրան խնամելու համար Խնածախ էր գնացել ու ոչ մի կերպ չկարողացավ համոզել՝ իր հետ հեռանա Ադրբեջանի հսկողության տակ անցած ծննդավայրից:

«Չեմ կարացել համոզեմ: Հետո, դե ես էլ չէի կարա, ասի՝ հա, ինքը չի ուզում, բա ես ի՞նչ անեմ՝ կինարմատ, եկան մտան գյուղը, եսիմ ինչ արին, ես կարա՞մ դիմադրեմ կամ ինչ անեմ: Մի կերպ ինձ մի գռուզավոյ մեքենայում տեղավորել եմ, ինքը վեշերը դնում ա ու փախնում հետ գնում տուն», - «Ազատությանը» պատմեց Էլեոնորա Համբարձումյանը:

Ավելի ուշ փախել է նաև վերջին ավտոբուսից ու հասել հայրենի Խնածախ, այնտեղ ապրել մեն-մենակ ութ ամիս: Քույրը պատմում է՝ ավելի քան երկու տարի համոզում է նրան Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվել, անօգուտ: «Ինչի՞ տուն չես գալիս», - եղբայրը սա է հարցրել քրոջը: Տիկին Էլյան ասում է՝ հեռախոսով երբ էլ խոսել են, երբեք չի ասել, որ ուզում է Հայաստան գալ:

«Այսօր Խանքենդիում հայեր են ապրում, նրանց ոչ ոք չի նեղացնում». - տարբեր առիթներով է Ադրբեջանի նախագահը այնտեղ մնացած մեկ տասնյակ հայերի մասին խոսել որպես Բաքվի բարեհոգության բարձր օրինակ: Զուգահեռ՝ այս հայերը ոչ միայն հարմար հարցազրույցներ էին տալիս ադրբեջանական լրատվամիջոցների համար, այլև հայտնվում էին Բաքվի դատարաններում՝ որպես վկաներ, որ ցուցմունքներ էին տալիս, օրինակ, ընդդեմ Ռուբեն Վարդանյանի: Արդյո՞ք այս տարբեր առողջական խնդիրներով մարդիկ այլևս հարմար չեն Բաքվի նոր տեսարանների համար: Գեղամ Ստեփանյանի համար էլ հստակ չէ, թե որն է այս վերադարձի «դրդիչ հանգամանքը»:

«Վերջին շրջանի էդ խստությունը, կապի խզումը՝ սա էլ կարող է դեր խաղացած լինել, բայց խորքային թե ինչու, չգիտեմ, միգուցե ինչ-որ քննարկումներ հայաստանյան և Ադրբեջանի իշխանությունների միջև են եղել, որի հետևանքով որոշվել է, որ նման քայլ են իրականացնում: Այս հարցին կոնկրետ կարող եմ պատասխանել, երբ որ հնարավորություն ունենամ շփվելու այդ անձանց հետ», - ասաց Արցախի օմբուդսմենը:

Գեղամ Ստեփանյանն այժմ շատ է կարևորում հարցը, որ այս մարդիկ, որ դեռ պարզ չէ, թե ինչ նվաստացումների ու խոշտանգումների միջով են անցել ադրբեջանցիներով բնակեցված քաղաքում, այստեղ արժանանան միայն հոգատարության: Թե՛ նրանց հարազատները և թե՛ հանրությունը պիտի իմանան, որ ադրբեջանական դատարաններում ու տեսախցիկների առջև այս մարդիկ իրենց կամքով չեն խոսել:

«Ավելի քան ակնհայտ է, որ մարդիկ թե՛ դատարանում ադրբեջանական, թե՛ լրատվամիջոցների առաջ խոսք են ասել պարտադրանքի, սպառնալիքի, առնվազն հոգեբանական այդ ճնշվածության ներքո: Հետևաբար՝ դրա համար մեղադրել կամ ինչ-որ խտրական վերաբերմունք ցուցաբերել, թիրախավորել կամ ցանկացած ոչ լավ վերաբերմունք այդ հիմքով, ինձ համար և, կարծում եմ, ողջամիտ մարդու համար անընդունելի պիտի լինի», - ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ստեփանյանի խոսքով՝ 120 հազար հայ Արցախում մնալու անհնարինությունը հասկացավ շատ արագ, այս մարդիկ՝ գուցե երկուսուկես տարի անց:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արդարադատության իսպառ բացակայություն». իրավապաշտպանը՝ Ադրբեջանում Ավանեսյանի դատավճռի մասինԱդրբեջանը 16 տարվա ազատազրկման դատապարտեց արցախցի Կարեն Ավանեսյանին«Սարխանի» լրտեսության գործի մանրամասները. «Սալամ, Թուրալ»Արցախում արձանագրվել է հայկական եկեղեցու հերթական վանդալիզմի դեպքըԲաքվի դատարանում տեղի ունեցողը իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի. Գեղամ Ստեփանյան