Չնայած երեկվանից ամերիկյան զինուժի կողմից Հորմուզի շրջափակմանը՝ Իրանի հետ առնչվող առնվազն չորս նավ է անցել նեղուցը, հայտնում է BBC-ին, որը վերլուծել է նավագնացության տվյալները:
Իրանական նավահանգիստների նկատմամբ շրջափակումն ԱՄՆ-ն սկսեց, երբ Իրանի հետ Պակիստանում շաբաթ օրը չկարողացան համաձայնել պատերազմը դադարեցնելու շուրջ: Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր փակ էր պահում Հորմուզը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն երեկ հայտարարել էր, որ ամերիկյան զինուժի սահմանած շրջափակումը կգործի միայն Իրանի հետ առնչվող նավերի համար:
Ըստ Reuters-ի՝ նեղուցն անցել է նաև ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող չինական մեկ լցանավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում գրել է, թե երեկվանից Հորմուզով 34 նավ է անցել, պնդելով, որ դա ամենաբարձր թիվն է Իրանի կողմից նեղուցը փակելուց ի վեր:
Bloomberg-ը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ Իրանը քննարկում է Հորմուզով նավագնացությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ ԱՄՆ-ի հետ լարվածությունը սրելուց և բանակցությունները խափանելուց խուսափելու նպատակով։
Նեղուցի շուրջ այս իրադարձությունների ֆոնին նավթի գինն իջել է 100 դոլարից, սակայն դեռ առնվազն 36 տոկոսով բարձր է նախապատերազմական գնից:
Մինչ այդ ԱՄՆ փոխնախագահը զգուշացրել էր՝ եթե Իրանը շարունակի փակել նեղուցը և չընդունի ԱՄՆ առաջարկները, ապա ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի հետ առնչվող որևէ նավ դուրս գա նեղուցից: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն Իրանին մեղադրել էր նեղուցը փակ պահելով «տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու համար: Նաև նշել էր, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ կարող է հակադարձել Իրանի ցանկացած գործողության:
Վենսը նաև ասել էր, որ Պակիստանում անցկացված բանակցություններում բավական առաջընթաց է գրանցվել, և հիմա գնդակն Իրանի դաշտում է:
«Այս պահից սկսած՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք իրանցիները բավարար ճկունություն կունենա՞ն, կընդունե՞ն այն կարևորագույն բաները, որ անհրաժեշտ են, որպեսզի սայլը տեղից շարժվի», - նշել է ԱՄՆ փոխնախագահը:
The New York Times-ը հայտնում է, որ Թեհրանն Իսլամաբադում համաձայնել է հինգ տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, սակայն Վաշինգտոնը պնդել է, որ այն կասեցվի 20 տարով, ինչին էլ Իրանը չի համաձայնել:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ նեղուցի «անօրինական» շրջափակումը Իրանի ինքնիշխանության և «ծովային միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում է»։
Չինաստանը, որը Պարսից ծոցի երկրների նավթի խոշոր ներկրողներից է, կոչ է արել մեղմել լարվածությունը: Արտգործնախարարության խոսնակն ԱՄՆ զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը «վտանգավոր և անպատասխանատու» քայլ է անվանել:
«Սա միայն կսրի լարվածությունը, կսրի արդեն իսկ փխրուն հրադադարը և ավելի կազդի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վրա։ Սա վտանգավոր և անպատասխանատու գործողություն է», - հայտարարել է Գուո Ջիակունը:
Associated Press-ը, Reuters-ը հայտնում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են կրկին բանակցել՝ վերջ դնելու պատերազմին, որը նախնական գնահատականներով 270 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Իրանին: Ըստ գործակալությունների՝ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է վերսկսել բանակցությունները, որոնք կարող են անցկացվել կրկին Իսլամաբադում, թեև դիտարկվում է նաև Ժնևը: Վերջնական օր և վայր, սակայն, դեռ որոշված չէ:
Իրանական դիվանագիտական աղբյուրը IRNA գործակալությանն ասել է, որ Իրանը և Պակիստանը դեռ ուղերձներ են փոխանակում: Իրանը նաև սպասում է բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության:
Իրանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները: Մասուդ Փեզեշքիանը, սակայն, նշել է, որ սպառնալիքները, ճնշումները և ռազմական գործողություններն «անօգուտ» են և կվատթարացնեն խնդիրները, որոնք, նրա խոսքով, հենց ԱՄՆ-ն է ստեղծել:
Ու մինչ անորոշ է, թե երբ և արդյոք կվերսկսվեն բանակցությունները, Իսրայելը շարունակել է հարվածներն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Կան զոհեր և վիրավորներ:
France Press-ը հայտնում է, որ ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանն ու Իսրայելը այսօր բանակցություններ կվարեն Վաշինգտոնում: Պետդեպարտամենտը հաստատել է, որ դրանք տեղի կունենան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ, կմասնակցեն նաև ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղարկել բանակցությունները՝ դրանք որակելով «անօգուտ»։
Իսրայել-Լիբանան սպասվող բանակցությունների ֆոնին Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում գործող համաձայնագիրը: Այլ մանրամասներ Ջիորջիա Մելոնին չի ներկայացրել: