Վաշինգտոնը պնդում է՝ աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, Թեհրանը դեռ չի արձագանքում

USA-IRAN/SANCTIONS

Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթն ասել է, որ դրանց մասին ավելի մանրամասն կհայտարարվի հաջորդ շաբաթ:

«Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից», - նշել է Բեսենթը:

Պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է անվերջ շարունակել Իրանի ծովային շրջափակումը, ինչը, նրա պնդմամբ, արդեն իսկ տնտեսական լուրջ վնաս է հասցրել առանց այն էլ տնտեսական մեծ դժվարությունների բախվող Իրանին:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել այսպիսի շրջափակումը, քանզի հերթապահող մեր նավերին կփոխարինեն նորերը, ինչպես արել ենք, և այդպես շարունակ»,- լրագրողներին ասել է Փիթ Հեգսեթը:

Ըստ Associated Press-ի՝ Խաղաղ օվկիանոսում հերթապահող ամերիկյան George Washington ավիակիրն արդեն մի քանի օր է, ինչ ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք:

Նախարարը նաև հերքել է լուրերը, թե Իրանի ծովային շրջափակմանը մասնակցող ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը պաշարների մատակարարման խնդիրների է բախվում, իսկ ծառայողներն արդեն հոգեբանական խնդիրներ ունեն չափից շատ ծովում անցկացնելու պատճառով: Հեգսեթն ասել է, որ դրանք «լիովին սխալ են ներկայացված»։

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել աշխարհում էներգակիրների կայուն գները: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն այս հակամարությունից դուրս կգա «ավելի ուժեղ դիրքում»։

Վենսը նաև նշել է, որ իր առաջ դրված նպատակներին հասնելու համար Թրամփի վարչակազմը դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործիքներն օգտագործում է «շատ ընտրողաբար»։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝ իրավիճակը մնում է անկանխատեսելի, քանզի Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։

«Մի բան կարող եմ վստահորեն ասել. կարծում եմ՝ սա կավարտվի նրանով, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա այնպիսի վիճակի, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար», - ընդգծել է Վենսը։

Թեհրանից առայժմ չեն արձագանքել ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին:

Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված

Ու մինչ Վաշինգտոնից նոր սպառնալիքներ են հնչում, Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-րդը, իսկ այժմ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում: Գիշերը նեղուցում անհայտ ծագման անօդաչուն հարվածել է մի լցանավի, տուժածներ չկան:

Համացանցում նաև տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ծովը լցված նավթը տարածվել Իրանի Քեշմ կղզու ափերին: Ըստ BBC Verify-ի նավթն արտահոսել է ավելի վաղ Հորմուզի նեղուցում խոցված մեկ այլ լցանավից։

Իրանն իր հերթին պնդել է, որ Հորմոզգան նահանգում MQ-9 անօդաչու է ոչնչացրել: Այս մոդելի անօդաչուները տարիներով կիրառվել են ռմբակոծության և հետախուզական առաքելություններում։ Ըստ Al Jazeera-ի՝ փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն տասնյակ այսպիսի անօդաչու է կորցրել:

Այս ֆոնին Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման ռազմավարական գործողությունների ծրագրի ընդհանուր սկզբունքները համաձայնեցվել են Խորհուրդների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի խոսնակ Վալիուլլահ Բայատին իրանական Tasnim գործակալության ասել է, որ դրանով «ԱՄՆ-ին, Իսրայելին և թշնամական երկրներին» պատկանող նավերին և տեխնիկային արգելվում է անցնել նեղուցով:

«Սա պայմանավորված է նրանով, որ այս երկրները Հորմուզի նեղուցն օգտագործել են մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար և անարդար ու ագրեսիվ գործողություններ են կատարել Իրանի ժողովրդի դեմ», - նշել է Բայատին:

Իսրայելական ուժերը հարվածել են Տյուրոս քաղաքին և այլ բնակավայրերի

Այս ընթացքում իսրայելական զինուժը շարունակել է Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» շարժման դեմ գործողությունները Լիբանանի հարավում: Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչուները պարբերաբար հարվածներ են հասցրել Տյուրոս քաղաքին, նաև մի շարք այլ բնակավայրերի:

Լիբանանի վարչապետը հանդիպել է երկրում ԱՄՆ դեսպանի և Լիբանանի հատուկ ռազմական համակարգման խմբի ղեկավարի հետ՝ քննարկելու բանակցային շրջանակի ռազմական կողմը և երկրի հարավում տեղի ունեցող իրադարձությունները:

Ինչպես հայտնում է լիբանանյան Ազգային լրատվական գործակալությունը, Նավաֆ Սալամը պնդել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի ավերիչ գործողությունները և Լիբանանի տարածքից իր զորքի դուրսբերման հստակ ժամանակացույց սահմանի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզով ազատ նավարկությունը խաթարվել է ԱՄՆ ագրեսիայի պատճառով. ՄԱԿ-ում ՌԴ դեսպանԹեհրանի պնդմամբ՝ Իրանում «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամ է սպանվելԹեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներՊակիստանից հայտնում են հրադադարը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության մասին․ Թեհրանը հերքում է