Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագիրն արդեն պատրաստ է, - սոցցանցի իր էջում գրել է Թրամփը՝ հաջորդ գրառման մեջ շարունակելով, - Այս հոյակապ համաձայնագիրը խաղաղություն և անվտանգություն կպարգևի ողջ տարածաշրջանին»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբդին վաղ առավոտյան հաստատել է համաձայնագրի ձեռքբերման մասին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ «անհապաղ և մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։

Լիբանանում կրակի դադարեցումը Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու Թեհրանի պայմաններից էր ի սկզբանե։ Նախօրեին Իսրայելի կողմից Բեյրութի Դահիյա թաղամասի հրթիռակոծությունից հետո համաձայնագրի ստորագրումը վերստին հարցականի տակ էր հայտնվել։

Միջնորդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

«Թո՛ղ հոսի նավթը»․ Հորմուզը կվերաբացվի ստորագրումից հետո

Հորմուզի նեղուցը կվերաբացվի ուրբաթ օրը՝ համաձայնագրի ստորագրումից հետո, ասել է նախագահը․ «Այսպիսով ես հայտարարում եմ Հորմուզի նեղուցը բացելու մասին՝ առանց տուրքերի, զուգահեռաբար, հայտարարում եմ ամերիկյան ծովային շրջափակումն անմիջապես ավարտելու մասին։ Աշխարհի նավե՛ր, գործի դրե՛ք ձեր շարժիչները․ թո՛ղ հոսի նավթը»։

Հունիսի19-ին՝ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելուց հետո նեղուցի վերաբացման մասին հայտարարել է նաև Իրանի փոխարտգործնախարարը։

Այդուհանդերձ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ «Ֆարս» գործակալությունը հայտնել է՝ «որոշում է կայացվել, որ Ծոցով ծովային երթևեկությունը կկարգավորվի Իրանի կողմից՝ Օմանի հետ համակարգմամբ», ինչը հակադրվում է Թրամփի հայտարարությանը։

Միևնույն ժամանակ, Իրանի զինվորական հրամանատարությունը համաձայնեցված խաղաղության փաստաթուղթը հայտարարել է երկրի հաղթանակը։

Վենսը ներկա կգտնվի ստորագրմանը

Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ The Wall Street Journal-ին հայտնել էր, որ ամերիկյան կողմից համաձայնագիրը կա՛մ նա կստորագրի, կա՛մ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ էլեկտրոնային տարբերակով։

Վենսն ավելի ուշ ասել է, որ ծրագրում է ներկա գտնվել Ժնևում փաստաթղթի ստորագրմանը, և որ «հնարավոր է»՝ Թրամփը նույնպես ներկա լինի։

Նախօրեին Reuters-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, տեղեկացրել էր, որ ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ն սառեցված իրանական ակտիվներից կազատի 25 միլիարդ դոլար, մինչ Թեհրանը կհամաձայնի չարտադրել և ձեռք չբերել միջուկային զենք։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրերին կողմերը բանակցություններ կվարեն խաղաղության ավելի համապարփակ համաձայնագրի ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Reuters-ը նոր մանրամասներ է հաղորդում ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծից


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ Բեյրութի վրա Իսրայելի վերջին հարվածները «չպետք է տեղի ունենային»Իսրայելը հարձակվել է Բեյրութի հարավում «Հեզբոլա»-ի թիրախների վրա