Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ

Փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր և պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյան, արխիվ

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները:

Իր դիմումում Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին:

Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Վարդևանյանը թվարկել է այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք:

Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագումվ, քաղաքական և այլ հայացքներով:

Ավելի վաղ, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ վարչապետի այս վարքագիծը չեն քննում, ինչու՝ չէին պատճառաբանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը Փաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերով«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ