«Քաղաքացիական պայմանագրից» օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանին ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում էին՝ հենց այս իշխանությունն էր ուզում Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անել՝ որպես պատճառ բերելով նաև, որ նա «Հանրապետական» կուսակցությունից էր տեղափոխվել բարձր դատարան.
«Ձեր երդումը ուրիշ ի՞նչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ Դուք չեք գնում այնտեղ սպասարկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը, և Դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք, որովհետև, եթե Հրայր Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչն էր, ի՞նչ տարբերություն հիմա «Հանրապետական», «Քաղաքացիական պայմանագիր», Դուք 8 տարի սպասարկել եք այդ շահերը»,- ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի այս հարցին Վլադմիր Վարդանյանի պատասխանն էր, թե ինքը Հրայր Թովմասյանի հետ միայն մեկ նմանություն ունի, որ երկուսն էլ խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովն են գլխավորել.
«Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ է, որ վերջինիս խորհրդարանից տեղափոխումը Սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, Սահմանադրության «Այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ և ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Թագուհի Թովմասյանը նշեց. «Բայց, ամեն դեպքում, ես երաշխիքների մասին ոչինչ չլսեցի, թե Դուք ինչ պիտի անեք, որովհետև Սահմանադրական դատարանը, բնականաբար, քննելու է գործեր, որոնք ուղիղ առնչվելու են իշխող կուսակցությանը»:
Վլադիմիր Վարդանյանը երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի օրոք: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց Վարդանյանի 3 տարվա վաղեմության խոսքերը.
«Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության հետ։ Եվ ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ, և դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի»,- մեջբերեց պատգամավորը: Եթե հիմա էլ նույն կարծիքին եք, չպե՞տք է աշխատանքից ազատվեք գործադիրի արտաքին քաղաքականությանը դեմ դուրս գալու համար, - հետաքրքվեց ընդդիմադիր պատգամավորը՝ օրինակ բերելով Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը.
«Սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային քննարկումների ժամանակ այդ հարցի բարձրացման պարագայում ես նույն դիրքորոշումն եմ արտահայտելու»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց. «Դուք այսօր էլ համարում եք Ադրբեջանի գործողությունները արցախահայության դեմ, միջազգային հարթակում մարդկության դեմ հանցագործություն», Վարդանյանն արձագանքեց.-«Ես երբևիցե որևիցե արտահայտությունից չեմ հրաժարվում և չեմ կարող հրաժարվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նիկոլ Փաշինյանը յուրացնում է իշխանությունը». արձագանքներ ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանըՎլադիմիր Վարդանյանին առաջադրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, նրա աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրեց, որ նախագահը հանդիպել է մի քանի թեկնածուների հետ, Վարդանյանին ընտրել ըստ մասնագիտական կարողությունների:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց. - «Նախագահի սահմանադրական կարգավիճակը որպես համահայկական, համազգային գործառույթներ իրականացնող անձ ու նաև կադրային քաղաքականության մեջ լիազորություններ ունեցող անձ, ենթադրում է որոշակի հրապարակային այնպիսի գործունեություն, որոնց չափանիշները հայտնի կլինեն նաև հանրությանը»:
Նախագահի աշխատակազմից ընդգծեցին.- «Ուզում եմ հավաստիացնել, որ ընտրությունը կատարված է նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորությունների իրականացման կարգերին համապատասխան»:
Ընտրությունից առաջ Վլադիմիր Վարդանյանը ոչ միայն կուսակցությունից է դուրս եկել, այլև հրաժարվել պատգամավորի մանդատից ու շտապել հրաժեշտ տալ խորհրդարանական գործընկերներին, թեև թեկնածուի դեպքում օրենքը չի պահանջում հեռանալ Ազգային ժողովից: Նա դա պարտավոր է անել ընտրվելուց հետո:
Քվեարկությունը փակ գաղտնի էր, խմբակցությունները հրապարակային դիրքորոշում չեն հայտնել, արդյունքները կհրապարկվեն վաղը: