Վարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»

Քարոզարշավի 20-րդ օրը վարչապետը դարձյալ սպառնաց գլխավոր ընդդիմախոսներին նետել բանտ։

«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար», - ասել է Փաշինյանը։

Երեկվանից է վրդովված Նիկոլ Փաշինյանը։ Գնացել է տուն, փորձել YouTube-ով ոչ քաղաքական մի հաղորդում նայել։ Ընթացքում գովազդ է միացել, իսկ բովանդակությունն այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմեց գրեթե բոլոր բնակավայրերում. «Ֆիլմ եմ նայում, մեկ էլ գովազդ տալիս եմ։ Մի հատ կին երեխու հետ մտնում է մանկապարտեզ, հայերեն, ասում է՝ «դե երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեք»։ Մանկապարտեզի տնօրենն էլ, այդպես կիսաժպիտով, ասում է․ «Դե գիտեք ինչ, Զաֆարովի երեխաներին ընդունել ենք, ձեր երեխաներին չենք կարող»։ Ես ասում եմ՝ «Այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է, իսկ այդ հոլովակի պատվեր տվողը, լրտես է, կալուգացի, դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես»։

300 հազար ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր հայտարարում են իշխանության գլխավոր ընդդիմախոսները: Նրանք պնդում են, թե նիկոլ փաշինյանի վերընտրվելու դեպքում ադրբեջանցիները գալու են և բնակվեն Հայաստանում: Վարչապետը հայտարարեց, թե ընդդիմադիրները փորձում են բացել այս թեման, որն իրենք փակել են դեռ 2024-ին:

«Այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ: Մենք այդ թեման փակել ենք, փակել ենք անդառնալիորեն 2024 թվին, ասելով, հայտարարելով Լեռնային Ղարաբաղի, Ղարաբաղի շարժման ավարտի և չշարունակելու մասին։ Այո, մենք փակել ենք 500 հազար հայ Ադրբեջան վերադառնալու թեման և դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չասաց, թե ինչու է այս, ինչպես ինքը ձևակերպեց, փակված թեմայով Նախիջևանում հունիսի կեսերին կազմակերպվելու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն կոնգրեսը:

Անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել էր այդ փառատոնին՝ նշելով, թե դա խաղաղության խոսույթի մեջ չի տեղավորվում. «Քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության և բարեդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման, այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակներում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը». Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը

Վարչապետը, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին անցած 20 օրերին կոշտ քննադատել ու տարբեր մեղադրանքներ է ուղղել, այսօր նաև ասաց, թե նրանք գալու են Մեղրին տալու։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է քարոզարշավի անցած օրերին մարդկանց պատմել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ, որ ընդդիմադիրները Մեղրին չհանձնեն, նա ընտրողներից այսօր մանդատ խնդրեց։

«Այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է, և իրենք պետք է Հայաստանի պետության համար դատվեն և տասնամյակով բանտ նստեն։ Տվեք ինձ մանդատը։ Ես ասում եմ՝ բոլորը գծերը անցել են։ Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, բելառուսցի այն մեկը, այն մեկը պետք է նստեն բանտ։ Ինձ տվեք այդ մանդատը։ Նրանք պետք է տասնամյակ անց կանցնեն բանտում, և ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար», - հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը, որ համարում է Ղարաբաղյան հարցը փակելով երկիրը վերջապես դուրս է բերել թակարդից, այսօր Հայաստանի գոյությունը որպես պետություն կապեց TRIPP ծրագրի հետ։ Ասաց՝ առաջիկա 100 տարին Հայաստանը գոյություն կունենա, որովհետև կա հայ-ամերիկյան TRIPP նախագիծը՝ 45 տարով, հետագայում ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

«Մենք մեր պատմության ընթացքում երբեք չենք ունեցել մի ժամանակաշրջան, որ մեր դիմաց 100 տարվա հեռանկար ունենանք։ Սա մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք մեր դիմացը 100 տարվա պլան ունենք, և սա մեծ իրադարձություն է, և ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ այդ իրադարձության առիթով», - ասաց Փաշինյանը։

Արամուսում անդրադարձավ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումների փոփոխությանը։ Նրան լսողներից մի կին առարկեց։ Վարչապետն անմիջապես հրահանգեց ոստիկանությանը հեռացնել այլ կարծիք ունեցող այդ կնոջը։ Ավելին՝ հեգնեց քաղաքացուն. «Ոստիկանություն, տարեք սուպերմարկետ։ Կալուգացին 200 հազար դրամ է տվել, թող մտնի սուպերմարկետ, առևտուրը անի»։

Արցախի խնդրին, խաղաղությանը, թոշակին, ապահովագրությանը, սպասվող զորահանդեսին զուգահեռ Կամարիս բնակավայրում վարչապետը հավաքվածներին նաև բացատրեց, թե ինչու է պեռաշկի ուտում. «Ես պեռաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Եվ ասում եմ՝ այս ընտրություններում պեռաշկի ուտողները պետք է ընտրեն պեռաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ընտրեն կարտոֆիլ ուտողներին»։

Այս ելույթից հետո Նիկոլ Փաշինյանին արդեն ավանդական դարձած հյուրասիրության սեղանը ճոխ թվաց։ Ուտելիքն առատ էր, իսկ ինքն ընդամենը րոպեներ առաջ էր մարդկանց ասում, թե պեռաշկի, կարտոֆիլ ուտող սովորական քաղաքացի է։

ՔՊ-ականներն այսօր սեղանի շուրջ անցկացրին մոտ 10 րոպե։ Ալեն Սիմոնյանը չհրաժարվեց մսից, վարչապետը համտեսեց նախ ելակ, հետո միս, լավաշ, բանջարեղեն, խուրմա, իսկ ինչ-որ պահի լավաշն ու ելակը զուգահեռ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է ամրագրվում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագրովԻրանը ողջունում է ապաշրջափակման գործընթացը, բայց մտահոգ է ամերիկյան ներկայությամբTRIPP նախագիծը քարոզարշավում․ ինչ են առաջարկում ընդդիմադիր ուժերը