Վարչապետը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել է, որ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։

«Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է», - նշել է խոսնակը:

ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի կրկին դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը:

Երևանն ու Անկարան չորս տարի է՝ 2022-ից բանակցում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, սակայն, դեռ մնում է թղթի վրա։ Երևանից հայտարարում են՝ Հայաստանը պատրաստ է, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ավելին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում լրագրողներին ասել էր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է:

    ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

    Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

    Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է. Սիմոնյան