ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին: Քաղաքական ուժի գործադիր մարմինն իր կուսակիցներին ու համակիրներին հորդորել է քվեարկել «իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածի» օգտին:
Հայտարարության մեջ «Հայրենիք»-ն ընդգծել է, որ իրենց գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտի մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։
Վանեցյանի կուսակցությունն ավելի վաղ ընտրություններին առանձին մասնակցելու մասին էր հայտարարել: Նա «Ազատությանն» ամսվա սկզբին փոխանցել էր, որ որոշումը այդ պահի դրությամբ ուժի մեջ է, բայց հետագայում ինչ զարգացումներ կլինեն, պարզ կդառնա փետրվարի վերջին:
Վերջին օրերին նաև խոսակցություններ կային, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Նոյյան տապանին» կարող էր միանալ Արթուր Վանեցյանը։ Նախորդ ընտրություններին նրա կուսակցությունը դաշինք էր կազմել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականի» հետ՝ հավաքելով շուրջ 66 հազար ձայն:
Տարածած հայտարարության մեջ կուսակցությունն ընդգծել է, որ ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 7-ին:
Ինքը՝ ՀՀԿ-ն մասնակցության մասին դեռևս որոշում չունի, մեկ օր առաջ ասել էր Սերժ Սարգսյանը: