Վանաձորը մտադիր չէ վերադարձնել ԵՄ-ի պահանջած շուրջ 300 հազար եվրոն

Վանաձորի համայնքապետարանը մտադիր չէ վերադարձնել շուրջ 300 հազար եվրոն, որը Եվրամիությունը պահանջել էր ֆինանսական աուդիտից հետո՝ չկատարած պարտավորությունների և չհիմնավորված ծախսերի հետևանքով: Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, պատասխանելով «Ազատության» հարցմանը, նշել է, թե համաձայն չեն աուդիտորական եզրակացության հետ:

«Եվրամիության կողմից «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացվել է աուդիտ, որի եզրակացության մեջ կան վիճելի հարցեր: Վանաձորի համայնքապետարանը չի համաձայնել ԵՄ աուդիտորական եզրակացության հետ և սահմանված կարգով ներկայացրել է իր դիրքորոշումն ու առարկությունները: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ տվյալ փուլում համայնքապետարանի կողմից որևէ գումարի վերադարձ չի իրականացվել, և վերադարձման պարտավորություն չի առաջացել», - նշել է Փելեշյանը:

Համայնքապետարանից հավելել են, որ նման վճարում ո՛չ նախորդ տարի է կատարվել, ո՛չ էլ ներառվել է այս տարվա բյուջեի նախագծում, որը դեռ չի հաստատվել ավագանու նիստերի տապալման պատճառով:

2021-ից մեկնարկած 4 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը նպատակ ուներ Վանաձորում և Գյումրիում ներդնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, աղբի վերամշակման հոսքագծեր և թվային համակարգեր: Գումարն ստացել ու ծրագիրն իրականացրել է Վանաձորի համայնքապետարանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 մլն եվրոյի մի մասը հետգանձելու պահանջ է ներկայացրել

Մինչդեռ Եվրամիությունը ֆինանսական աուդիտով բացահայտել է շահերի բախման և անարդյունավետ ծախսերի կասկածելի դեպքեր, որոնց մասին «Ազատությունը» դեռ անցած տարի էր հետաքննություն հրապարակել: Մասնավորապես, Եվրամիության թանկարժեք այս ծրագրի աշխատակազմի կեսը եղել են Վանաձորի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամները, որ ընտրվել են առանց մրցակցության:

Կասկածների կենտրոնում է նաև գնումների գործընթացը. ճարտարապետության բաժնի նախկին պետը, լինելով գնահատող հանձնաժողովի անդամ, հնարավորություն է տվել իր իսկ հիմնադրած «Շինէքսպրտ» ընկերությանը միայնակ մասնակցել և շահել մոտ կես միլիոն եվրոյի թվային համակարգ ձեռք բերելու պարտավորությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիին նվիրաբերած 5 ավտոբուսներն ինչու 1.5 տարի է՝ երթուղի դուրս չեն եկել

Համայնքապետարանը չի ընդունել Եվրամիության կասկածներն ու այս ամենին հակադարձել է՝ պնդելով, թե բարձր վարձատրվող հաստիքների և գնումների համար պարզապես այլ դիմորդներ չեն եղել:

Ծրագրի արդյունքները ևս տեսանելի չեն. եթե Վանաձորում էլեկտրական ավտոբուսները երթուղի դուրս եկան մեծ ուշացումով, ապա Գյումրիում դրանք երկու տարի է՝ կանգնած են, իսկ խոստացված վերամշակման հաստոցների և մյուս թանկարժեք սարքավորումների ճակատագիրն այդպես էլ անհայտ է:

Ծրագրով նախատեսված ողջ գույքը, այդ թվում՝ էլեկտրական ավտոբուսները, գնել է Վանաձորը, ու մի մասը պետք է նվիրատվությամբ փոխանցվեր Գյումրիին, բայց կողմերը մինչ օրս լեզու չեն գտնում:
Վանաձորը պնդում է, թե պայմանագիրն ուղարկել է, բայց Գյումրին չի ստորագրում:

«Ազատության» գրավոր հարցման պատասխանում համայնքապետարանից հայտնել են. «Վանաձորի ավագանին Գյումրիին նվիրաբերել է ծրագրի ընթացքում ձեռքբերված գույքի իրենց հասանելիք մասը։ Վանաձոր և Գյումրի համայնքների միջև գույքի նվիրատվության պայմանագիրը Վանաձորի համայնքապետարանի կողմից ստորագրված և կնքված տարբերակով տրամադրվել է Գյումրու համայնքապետարանին։ Սակայն, Գյումրու համայնքապետարանը որոշ կետերի հետ չի համաձայնել, չնայած որ այդ կետերը բխում են ԵՄ ծրագրի գլխավոր պայմանագրից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու ավտոբուս հինգից. Վանաձորի «էլեկտրական հեղափոխությունը» կիսատ մնաց

Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող Ավետիս Առաքելյանը, մինչդեռ, ասում է, որ Վանաձորի առաջարկած պայմանագրի տարբերակն իրավական խնդիրներ ունի:

«Ծրագրի մեջ տարբեր կետեր կան, որոնք անիրագործելի են մեր կողմից», - նշում է նա:

Իրենց առարկությունները նաև Վանաձորին են փոխանցել, պահանջել են պայմանագրում երկու կետ ավելացնել. «Նվիրառուն ընդունելով գույքը չունի որևէ պարտավորություն Վանաձոր համայնքի, Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի և երրորդ անձանց նկատմամբ, բացառությամբ գույքն իր նշանակության համապատասխան օգտագործելու պարտավորության»։

Այս առաջարկին ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք դեռ հինգ տարի վերահսկողական պարտավորություն ունեն և չեն կարող հրաժարվել ծրագրի պատասխանատվությունից. «Այսինքն՝ եթե մենք համաձայնել ենք նվիրաբերել ավտոբուսները կամ մնացած գույքը, և Գյումրին, օրինակ, նպատակային չօգտագործի, պատասխանատվությունը կրելու է Վանաձորի համայնքապետարանը: Հետևաբար, պետք է մեր պայմանագիրը համապատասխանի այդ կետերին, և մենք նաև ապահովագրենք մեզ, որ հետագայում այլ համայնքի կողմից կատարված խախտման համար Վանաձորի բյուջեն և հենց Վանաձորը չտուժեն»:

Մամուլի քարտուղարը նշեց, որ մի հարցում այսօր ընդհանուր հայտարարի եկել են՝ հաջորդ շաբաթ համատեղ կքննարկեն նվիրատվության պայմանագիրը՝ այն վերջնական տեսքի բերելու համար:

Մինչ համայնքները վիճարկում են պայմանագրի կետերը, իսկ Եվրամիությունը պահանջում է վերադարձնել 4 միլիոնի ավելի քան 7 տոկոսը, գործին միջամտել են իրավապահները: Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց «Ազատությունը» տեղեկություններ ունի, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն պահանջել է Եվրամիության ծրագրի բոլոր փաստաթղթերը՝ պարզելու չարաշահումների իրական ծավալը: