Վանաձորում ավագանու մանդատի ու պաշտոնի ուշագրավ փոխատեղում է կատարվել ամուսինների միջև:
Նախկին պաշտոնյան՝ համայնքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանը, կնոջից ավագանու մանդատ ստացավ, փոխարենը՝ մանդատից հրաժարված նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, ամուսնու նախկին պաշտոնն է ստացել: Ինչո՞ւ է համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն Այվազյանից հետո հենց նրա կնոջը վստահել այս պատասխանատու պաշտոնը: Հովսեփյանը սոցիալական աշխատող էր: Փելեշյանի մամլո խոսնակ Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց՝ այս պահին բացատրություն չունի: Համայնքապետարանում նման հարց չի քննարկվել: Իսկ կոմպրոմատների ազդեցության տակ պաշտոնն ընտանիքին թողնելը բացառում է:
«Պաշտոնը որևէ ընտանիքին չի պատկանում և չի մնում: Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմի վերաբերյալ որևէ կոմպրոմատ ունենալուն և այլն, ես բացառում եմ նման բաները: Որովհետև աշխատակազմը գործում է կառավարության սահմանած որոշումների, պահանջներին համապատասխան՝ առանց դրանցից շեղվելու: Ըստ էության, որևէ կոմպրոմատի մասին խոսք լինել չի կարող», - ասաց համայնքապետի պաշտոնակատարի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չեմ բացառում, որ քաղաքական է». Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքըԱրմեն Այվազյանը, որ այս պաշտոնին էր արդեն երեք տարի, անցած ամիս քաղաքապետարանից բերման ենթարկվեց ու ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Բայց դատարանը մերժեց նրան կալանավորելու և պաշտոնը կասեցնելու քննիչների միջնորդությունը, դատարանից ազատ արձակվեց: Քննիչները բողոքարկել են Այվազյանին ազատելու դատարանի որոշումը: Բայց մինչ Վերքաննիչը կքննի բողոքը, Արմեն Այվազյանը պաշտոնից է հրաժարվել, նրա կինը՝ ավագանու մանդատից, որ չորս տարի առաջ որպես «Ապրելու երկիր» խմբակցության անդամ էր ստացել: Ինչ է նշանակում այս փոխատեղումը: Արդյո՞ք քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է: Ինչպե՞ս Այվազյանները համայնքապետարանի այս պաշտոնն իրենց ընտանիքի ձեռքում պահեցին: Արմեն Այվազյանն ասում է. «Հիմա ես անգործ մարդ եմ, երկու դիպլոմ ունեմ, էդքան փորձ ունեմ, էսքան ամեն ինչից հասկանում եմ, ավագանի էլ չվերցնեի՞»:
Կաշառքի համար մեղադրվող նախկին պաշտոնյան, որ այժմ փաստացի ընդդիմադիր խմբակցության «Ապրելու երկրի» անդամ է, իշխանամետ դիրքերից է խոսում: Չնայած ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց մեկ շաբաթ անց սոցիալական ցանցերում նրա գրառումներն ավելի կոշտ էին: Պաշտոնի փոխարեն ավագանու մանդատ ստանալու մասին վանաձորցիներին տեղեկացնելով գրել էր, թե «ուսումնսիրելու է վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը»:
«Կուսումնասիրվեն բոլոր մրցույթները, կատարողականները և ավագանու լիազորությունների մեջ մտնող բոլոր հարցերը: Առաջիկայում կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ հետաքրքիր նորություններ»,- գրել էր Արմեն Այվազյանը: Մինչդեռ ո՛չ ասուլիսը տեղի ունեցավ, ո՛չ էլ խոստացված հետաքրքիր նորությունները հրապարակվեցին: Ինչի՞ մասին էր պատրաստվում խոսել նախկին պաշտոնյան: Ասում է՝ ուսումնասիրությունները չի ավարտել, հարկ եղած դեպքում կխոսի. «Ես՝ որպես ավագանու անդամ, նոր եմ մանդատ ստացել, ուսումնասիրություններ եմ կատարում, բյուջե եմ նայում, ինչ-որ ասել եմ, իհարկե հայտնելու եմ, բայց ուսումնասիրելուց, փաստերը հավաքագրելուց, ամբողջ ինֆորմացիային տիրապետելուց հետո», - ընդգծեց Այվազյանը:
Վանաձորում այս տարի ընդամենը ավագանու մեկ արտահերթ նիստ է տեղի ունեցել՝ գարնանը: Չնայած իշխանականների հայտարարություններին, թե հաջորդ տարի աննախադեպ ծրագրեր են իրականացվելու Վանաձորում, տարին ավարտվում է ու ո՛չ բյուջեն, ո՛չ էլ խոստացված սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չեն հաստատվել:
Պաշտոնաթող Արմեն Այվազյանն այս մասին էլ ընդամենը շաբաթներ առաջ՝ բյուջեի հանրային լսումների նախօրեին գրել էր. «Կարծում եմ՝ ավելի արդար կլինի վանաձորցիներին չխաբել և ասել, որ նիստ չի լինելու, և բյուջե չի հաստատվելու, քան ձևական լսումներ դնել և նիստի պատրվակով չլուծել նիստի հետ կապ չունեցող հարցերը: Վանաձորում նիստի փոխարեն կարծում եմ ավելի հետաքրքիր զարգացումներ են լինելու: Մի փոքր սպասեք: Մի՛ խաբեք վանաձորցիներին», նման կոչ էր հրապարակել համայնքապետարանի նախկին պաշտոնյան: