Դաժան ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Արաբկիր ԲԿ-ից հայտնում են՝ վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է:

Օրերս հայտնի դարձավ, որ մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Իրավապահները տեղեկացրել էին, որ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։

Դատարանը երկու ամսով կալանավորել է Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեխային սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը կալանավորվեց

Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին մեկ տարեկան Ալեքսի կյանքի համար, որը կիրակի գիշերը հիվանդանոց էր տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։

Իրավապահները հիմա փորձում են պարզել՝ արդյոք կալանավորված խորթ մորից բացի դաժան հանցանքին մեղսակից է նաև հայրը: Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև, թե ինչ պայմաններում է բնակվել երեխան, և արդյոք այդ ընտանիքում անառակաբարո բարքեր են եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոնց որ հարեմ լիներ». հարևանը՝ ծեծված Ալեքսի խորթ ընտանիքի մասին

Երեխայի կենսաբանական մայրը 26 տարեկան է, ունի 4 երեխա, նորից հղի է: Նա «Ազատությանը» պատմել էր, որ տղային թողել է նախկին ամուսնու մոտ, որ վարձով տուն գտնի: Դատախազության փոխանցմամբ, սակայն, երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել: