Ծեծ, տեխնիկական խափանումներից մինչև ընտրողներին ուղղորդելու դեպքեր՝ ընտրություններին

Այսօր Մարտունի համայնքի Լիճք գյուղում իշխող ուժի վստահված անձը՝ Սիրակ Սիրականյանը, մի քանի հոգու հետ հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա, ծեծել նրան: «Ազատությանը» պատմեց Լևոն Հոխիկյանը, նրա խոսքով.- «Էս պահի դրությամբ՝ սալջարդեր, ընդհանուր քերծվածքներ, հարվածի հետքեր կան։ Հարվածողները եղել են մեկ կամ երկու հոգի, որովհետև հարվածել են թիկունքից»։

Սիրականյանը Լիճքի գյուղապետն է։ Ըստ Լևոն Հոխիկյանի՝ նա ցանկացել է մնալ ընտրական տեղամասում՝ որպես իշխանության երրորդ վստահված անձ, ինքը պահանջել է, որ օրենքը չխախտեն ու հեռանա: Դրանից հետո դուրս է եկել ընտրական տեղամասից, ՔՊ-ականները դրսում հարձակվել են ու ծեծել իրեն:

«Մոտ կես ժամ, 40 րոպե հետո ես տեղամասից դուրս եմ եկել, պարզապես խանութ գնալու համար։ Ու ճանապարհին իրենց էդ ամբողջ էսպես ասած խմբով հարձակում է տեղի ունեցել իմ վրա։ Շուրջ 4 հոգով, այո, եղել է ֆիզիկական բռնություն, խփել են, ունենք տեսանյութեր, ՔՊ-ականներ, բացառապես ՔՊ-ականներ էին»,- պատմեց Լևոն Հոխիկյանը։

Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տարբեր վնասվածքներ է ստացել: Դեպքի մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, հարցաքննության դեռ չեն կանչել: Սիրակ Սիրականյանի հետ «Ազատությանը» կապ հաստատել չհաջողվեց:

Ավշարի թիվ 13/29 տեղամասում վիճաբանություն է եղել: «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբից ահազանգում են՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը հարձակվել է իրենց վստահված անձի վրա: Տեսանյութ են հրապարակել:

Թե ինչից է սկսվել վիճաբանությունը, մանրամասներ դեռ չեն հայտնում: «Քաղաքացիական պայմանագրից» այդ տեսանյութին դեռ չեն արձագանքել:


Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ից Գոհար Մելոյանն է ահազանգում՝ իրենց քվեաթերթիկները տեղամասեր են հասել արդեն վնասված և հաշվարկի ժամանակ մտավախություն ունեն, որ դրանք կարող են անվավեր համարվել:

«Երեկվանից մենք ահազանգեր ենք ստանում, որ կոնկրետ 3-րդ քվեաթերթիկը ունենում է խոտանված տեսք, կողքից պատռվածքներ, ճմրթված վիճակ, տպագրական հետքեր, էս բոլոր դեպքերի հետքերով, բնականաբար, կրկին արձանագրումներ ու ահազանգեր ենք իրականացնում»,- ասում է Գոհար Մելոյանը։

Ընտրատեղամասում նկատել են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արամ Խաչատրյանը ընտրատեղամասում ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրողին կոչ է արել չքվերակել:

Իշխող ուժի հիմնական մրցակիցներից համարվող «Հայաստան» դաշինքն էլ է ահազանգել խախտումների մասին: Հայտարարում են, որ տեղեկացել են քվեաթերթիկներն ընտրատեղամաս բերելու, ընտրատեղամասից դուրս հանելու դեպքերի մասին։ Կոնկրետ՝ որ ընտրատեղամասերում են եղել, չեն նշել: Այդ մասին իրավասու մարմիններին են հայտնել:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Լոր համայնքում: Լրագրող Լիա Սարգսյանն է հրապարակել տեսանյութ, որ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը ընտրական տեղամասից հավաքել է քվեախցում թողած քվեաթերթիկները, լցրել պարկը, որ տեղափոխի այլ տեղամաս: Ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչն է բացատրություն պահանջում։ Նա էլ բացատրում է, թե կարծել է հեռավոր գյուղում քվեաթերթիկների պակաս կարող են ունենալ ու որպեսզի Գորիս չհասնեն, խնդրել է, որ այս քվեաթերթիկները, որոնք վնասված չեն լցնեն պարկն ու ինքը տանի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզե՞լ է՝ ընտրական տեղամասից պարկով քվեարթերթիկները ուր էր տանում հանձնաժողովի նախագահը և արդյոք նրա նկատմամբ որևէ քայլ ձեռնարկել են: «Ազատությանը» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվականից ասացին՝ ստացել են ահազանգը, հանձնաժողովի նախագահի նկատմամբ իրավական գնահատական կլինի:

100-ից ավելի ընտրախախտումներ՝ դիտորդների կողմից

100-ից ավելի ընտրախախտումներ արձանագրել են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները՝ տեխնիկական խափանումներից մինչև ընտրողներին ուղղորդելու դեպքեր։

«Ականատես» դիտորդական կազմակերպությունն առանձնացրել է 50 էական խախտում, որ ընտրողների են ուղղորդել ու վերահսկել, դիտորդների իրավունքներն են խոչընդոտել, քվեարկության իրավունքի գաղտնիությունն է խախտվել: Քվեաթերթիկների անվտանգության հետ կապված խախտումներ էլ են արձանագրել, քարոզչության ու ընտրողներին օգնելու դեպքեր նաև: Օրինակ՝ 29/41 ընտրատեղամասին հարող տարածքում նկատել են, որ մի քաղաքացի իր մեքենայով մի քանի անգամ ընտրողներ է տեղափոխում տեղամաս՝ ստեղծելով ընտրողների կազմակերպված ուղղորդման ռիսկ: Թե որ ուժի համար է աշխատել այդ անձը, չեն նշել:

38/26 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը, ըստ «Ականատեսի», ընտրողներին մինչև քվեախցիկ է ուղղորդել:

10/38 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման և նկարահանման մի քանի դեպք:

8/7 ընտրատեղամասում ընտրողները քվերակել են՝ առանց քվեախցիկ մուտք գործելու։

34/37 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկության դեպք:

8/46 ընտրատեղամասում նկատել են, որ քվեատուփի կապարակնիքը բացակայում է։ 35/56 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը չորս ժամ, ըստ «Ականատեսի», մուտքի մոտ շփվել է ընտրողների հետ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է նրան հեռացնել բակից:

«Անկախ դիտորդ» կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է.- «Որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ընտրողների թղթային ցուցակում ընտրողի համարին, ինչը լրացուցիչ անհարմարություն է պատճառում ընտրական հանձնաժողովին»։ Նշում է՝ այս աշխատանքի խափանման պատճառով տեղմասերից մեկում 40 րոպե ընտրությունն ընդմիջվել է ու եղել են մարդիկ, որ հեռացել են առանց քվերակության:

«Խախտումների մոտ 20 տոկոսը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20 տոկոսը՝ վստահված անձանց կողմից, կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է՝ հիմնականում դրանք 41 տոկոսը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագրի»,- ասում է «Անկախ դիտորդ»-ից Դանիել Իոաննիսյանը։

«Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչն այս ընտրությունների առանձնահատկությունը համարում է իրավապահների ակտիվությունը. «Շարունակում ենք փորձել հետևել Հակակոռուպցիոն կոմիտեի և այլ իրավապահների բացահայտումներին՝ ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների դեպքերով։ Սա, ըստ էության, այս ընտրությունների աննախադեպությունը ապահովող հիմնական գործոնն է»,- ասում է Իոաննիսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն ահազանգում են ժամը 20-ից հետո զինվորների քվեարկության մասին, ԿԸՀ նախագահը պարզաբանում էՀերթեր, տեխնիկական խափանումներ և բարձր մասնակցություն՝ ընտրությունների օրը ԵրևանումԸնդդիմությունն ահազանգում է ճնշումների մասին, ՔՊ-ն «շատ լավ» է գնահատում ընտրությունների ընթացքըԻնչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» Ինչպես և հանուն ինչի քվեարկեցին Փաշինյանը, Կարապետյանը, Քոչարյանը և ԾառուկյանըԽուզարկություններ, ընդդիմադիրների ձերբակալություններ ԳյումրիումԴեպի ո՞ւր կգնա ՀՀ-ն՝ Արևմո՞ւտք, թե՞ ՌԴ. միջազգային մամուլը՝ ընտրությունների մասինՔԿ-ն հայտնում է 100-ից ավելի ընտրակաշառքի դեպք բացահայտելու մասին