Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրային հեռուստատեսությանը:

Մեծահարուստ ընդդիմադիր գործիչը վարչապետից պահանջում է հերքել մայիսի 28-ին ճեպազրույցի ընթացքում իր հասցեին արված արտահայտությունները և որպես փոխհատուցում վճարել 9 միլիոն դրամ՝. 6 միլիոնը՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, իսկ 3 միլիոնը՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:

Ըստ դատալեքսի՝ Փաշինյանը Ծառուկյանին անվանել է՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ», ընդգծել, որ «հանցավոր գործարք է կնքել», «Հայաստանի ժողովրդին թալանել է», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում է ներառելու: Ծառուկյանը պահանջում է հերքել այս «իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկությունները»:

Դատարանը հունիսի 12-ին վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Եթե այն բավարարվի՝ հերքումը պետք է հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։

Միաժամանակ, Գագիկ Ծառուկյանը դատի է տվել նաև Հանրային հեռուստատեսությանը: Ծառուկյանի դժգոհությունը հարուցել է «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ տեսանյութը: Ըստ նրա՝ դրա ընթացքում գործարարի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ծառուկյանի ներկայացուցչի պնդմամբ՝ տեսանյութը կազմվել է միակողմանի, «ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսությունը» տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Գործի նյութերում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ՝ «այս բոլոր թեզիսները և պնդումները սխալ են»,- գրված է դատալեքսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ծառուկյանը շպիոն է, թող ինձ գնդակահարեն, եթե չապացուցվի՝ պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ». ԾառուկյանՓաշինյանը բացառում է որևէ գործարք Ծառուկյանի հետ«Եթե Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար». Փաշինյան«Նպատակը՝ ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է». Ծառուկյանի ուժը սկսում է «քայլերի շարք» Փաշինյանը Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին սպառնաց քրեական պատասխանատվությամբ«Խլելով երկիրը կարո՞ղ է զարգանալ». Դատախազությունը «Արարատցեմենտին» առնչվող նոր խախտումներ է բացահայտել«Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է ԿԸՀ-ին կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համար