Ծափաթաղում երեքամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով, հայտնել է Քննչական կոմիտեն: Կառույցն ավարտել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ըստ ՔԿ-ի տվյալների՝ երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված:
Այստեղ նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է:
Դիակի արտաքին զննությամբ Տիգրանի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
«Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Օվանեսովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
3-ամյա փոքրիկին 7 օր ու գիշեր որոնում էին: Փոքրիկին գտան գյուղից ոչ շատ հեռու դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով: Ներքին գործերի նախարարը հրապարակեց նախնական վարկածը՝ հայրն է խեղդամահ արել 3-ամյա փոքրիկին: Գյուղում շշուկներ կային, որ նա հայրության վերաբերյալ կասկածներ է ունեցել: