Թրամփը Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» է անվանափոխել․ «հաջորդը կարող են օվկիանոսները լինել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնի, Վաշինգտոն, 7-ը հոկտեմբերի, 2025թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օնտարիո լիճը, որի մակերեսի 52 տոկոսը Կանադայի տարածքում է գտնվում, «Ամերիկա լիճ» է անվանափոխել՝ խորացնելով անհաշտությունները հյուսիսային հարևանի հետ, որոնք առաջացել են նաև կանադական ապրանքների ներմուծումների վրա սահմանված բարձր մաքսատուրքերի պատճառով, հայտնում է Reuters-ը։

«Օնտարիո լճի անվանումը փոխելու ենք Ամերիկա լիճ, և սա ուժի մեջ է մտնում հենց հիմա, - լրագրողներին իր աշխատասենյակում ասել է Թրամփը, - Իրականում, այս փոփոխության՝ Ամերիկա լճի մասին ես երկար ժամանակ եմ մտածում»։

Կանադայի վարչապետը և լճին սահմանակցող Նյու Յորքի դեմոկրատ նահանգապետն արդեն հայտարարել են, որ չեն կիրառի «Ամերիկա լիճ» նոր տեղանունը։

Վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է, որ լճի անվանումն ավելի հին է, քան կանադական և ամերիկյան պետությունները։

«Մենք գիտենք, որ Ամերիկան փոխվում է․ նրանց առևտրային փոխհարաբերությունները, նրանց արտաքին քաղաքականությունը, նրանց ազգային հուշարձանները, ջրային տարածքների նրանց անվանումները, - սոցցանցում գրել է Քարնին՝ հավելելով․ - Կանադացիները նաև գիտեն, որ իրականությունն իր անունով կոչելը նշանակում է այն անվանել Օնտարիո լիճ․․․»։

«Հիմա մնում է միայն օվկիանոսը»

Նախագահ Թրամփն ակնարկել է, որ անվանափոխությունների շարքում հաջորդիվ կարող են օվկիանոսները լինել։

«Ծոցն ունենք, լիճն ունենք, ու հիմա մնում է միայն օվկիանոսը, այսինքն՝ գուցե պետք լինի Ատլանտյանի կամ Խաղաղի անունները փոխել։ Գուցե երկուսի անունն էլ կփոխենք», - ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը 2025-ի հունվարին, պաշտոնն ստանձնելուց հետո, Մեքսիկական ծոցը վերանվանեց «Ամերիկայի ծոց»։

Նույն ժամանակահատվածից ի վեր նա պարբերաբար բարձրաձայնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը դառնալու գաղափարի մասին։

Թրամփը Օնտարիոյի անվանափոխության որոշումը կայացրել է անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային բանակցությունների ձախողումից հետո։ Ընդ որում՝ կողմերը մեկը մյուսին մեղադրեց երեք օր տևած ինտենսիվ բանակցությունները խափանելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կանադան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին. ՔարնիԹրամփը ցանկանում է վերանվանել Օնտարիո լիճը