Մատչելիության հղումներ

Թրամփը Կանադայի վարչապետին «նահանգապետ» է անվանել, սպառնացել 100 տոկոս մաքսատուրքերով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 7-ը հոկտեմբերի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 7-ը հոկտեմբերի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի ղեկավարությանը և «նահանգապետ» է անվանել երկրի վարչապետ Մարկ Քարնիին: Նա հայտարարել է, թե Կանադան չպետք է «տարանցիկ կետ» դառնա չինական ապրանքների համար դեպի ԱՄՆ դրանց ճանապարհին:

«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, թե կարող է Կանադան վերածել «տարանցիկ կետի» Միացյալ Նահանգներ ուղարկվող չինական ապրանքների և արտադրանքի համար, նա խորապես սխալվում է: Չինաստանը Կանադան կենդանի կխժռի, ամբողջությամբ կուլ կտա նրան, կավերի բիզնեսը, սոցիալական կառույցը և երկրի կենսակերպը ընդհանրապես», - իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ-ը անմիջապես 100 տոկոս մաքսատուրք կսահմանի կանադական ապրանքների համար:

Իրականում Կանադայի և Չինաստանի միջև համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերված: Հունվարի 16-ին՝ Կանադայի վարչապետի Չինաստան այցի ընթացքում, որն առաջինն էր վերջին գրեթե տասը տարվա ընթացքում, երկու երկրները ռազմավարական գործընկերություն են կնքել: Դրանով իսկ Կանադայի ներկայիս ղեկավարությունը ջանում է դիվերսիֆիկացնել առևտուրը՝ նվազեցնելով կախվածությունը երկրի խոշորագույն առևտրական գործընկեր ԱՄՆ-ից:

Անցած շաբաթ Մարկ Քարնին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթում հայտարարել էր, մասնավորապես, որ կանոնների վրա հիմնված «հին աշխարհակարգն արդեն չի վերադառնա», և պակաս խոշոր երկրներին կոչ էր արել միավորվել՝ պաշտպանելու իրենց շահերը «մեծ տերությունների» հետ պայքարում:

«Մեծ տերությունները սկսել են օգտագործել տնտեսական ինտեգրացիան իբրև զենք, մաքսատուրքերը՝ իբրև ազդեցության լծակ, ֆինանսական կառույցը՝ որպես պարտադրման միջոց, իսկ մատակարարումների շղթաները՝ որպես խոցելի տեղեր, որոնք կարելի է օգտագործել ի շահ իրենց», - ընդգծել էր Կանադայի վարչապետը:

Անցած տարի իշխանության վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը քանիցս Կանադան անվանել է «51-րդ նահանգ» և սպառնացել միավորել այն ԱՄՆ-ի հետ «տնտեսական ուժի» օգնությամբ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG