Թրամփը Իրանի ուժայիններին կոչ է անում վայր դնել զենքերը և օգնել տապալելու կառավարությունը

Իրան - Ավիահարված Թեհրանի կենտրոնին, 6-ը մարտի, 2026թ.

Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը Իսրայելի բանակը հարվածել է իրանական մի քանի քաղաքի, այդ թվում՝ Թեհրանին՝ թիրախավորելով պետական ենթառուցվածքներ, հրթիռների արձակման հարթակներ, ռազմական ակադեմիան:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Շիրազում իսրայելա-ամերիկյան հարվածներից 20 մարդ է սպանվել, ևս 30-ը վիրավորվել է: Վիրավորներ կան նաև Լորեստան նահանգում:

Թեհրանի բնակիչները BBC-ի իրանական ծառայությանը պատմել են, որ անցած գիշեր աննախադեպ ուժեղ հարվածներ են եղել, որոնք շարունակվել են առավոտյան:

Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1332-ի, վնասվել է 3 հազար 600-ից ավելի բնակավայր, այդ թվում՝ 3 հազար 90 տուն, առևտրի և սպասարկման 528 կենտրոն, 14 բուժհաստատություն:

Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետն ասել է, որ պատերազմի սկզբնական փուլում գերազանցություն են հաստատել օդում և ոչնչացրել բալիստիկ հրթիռների կայանները: Հիմա էլ անցնում են հաջորդ փուլին:

«Մենք այժմ անցնում ենք ռազմարշավի հաջորդ փուլին, որի ընթացքում կուժեղացնենք ռեժիմի հիմքերին և նրա ռազմական կարողություններին հասցվող վնասը», - հայտարարել է Էյալ Զամիրը:

ԱՄՆ բանակն էլ հայտնել է, որ այս օրերին խորտակել է ավելի քան 30 իրանական նավ, իսկ Իրանի հրթիռային հարձակումները պատերազմի առաջին օրվա համեմատ նվազել են մոտ 90 տոկոսով:

Լիբանանում Իսրայելը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոններին և զինապահեստներին, այդ թվում՝ Բեյրութի հարավում: Լիբանանի տվյալներով՝ առայսօր երկրում սպանվել է 123, վիրավորվել՝ 680-ից ավելի մարդ։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն էլ պնդել է, որ հարվածել է Իսրայելի ցամաքային ուժերին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելին: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռները հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին։

Կատարում էլ իրանական զինուժը հարվածել է ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ ամենախոշորը տարածաշրջանում: Իրանի արտգործնախարարը NBC News-ին ասել է, որ հարվածում են ոչ թե իրենց հարևաններին, այլ այդ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին:

Շարունակվող պատերազմի պայմաններում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Իրան: Դոնալդ Թրամփը Իրանի զինված ուժերին, ոստիկանությանն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ է արել վայր դնել զենքերը և օգնել իրանցիներին՝ տապալելու այս կառավարությունը:

«Այսքան տարիներից հետո դուք հնարավորություն կունենաք վերադարձնել ձեր երկիրը: Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք։ Դուք լիովին անվտանգ կլինեք, հակառակ դեպքում ձեզ սպասում է երաշխավորված մահ: Ես դա չեմ ուզում», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը Reuters-ին էլ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում, ինչպես Վենեսուելայում։ Իսկ առաջնորդի պաշտոնում սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու ընտրվելն անհավանական է համարել:

Չնայած Իրանի հայտարարություններին, որ չեն բանակցի, ԱՄՆ նախագահն ասել է, թե Թեհրանից իրեն խնդրել են բանակցել, սակայն մերժել է՝ ասելով, որ «մի փոքր ուշացել» են:

ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Իրանին հասցվող հարվածները կտրուկ կսաստկանան: Փիթ Հեգսեթը նշել է, թե Իրանը սխալվում է՝ կարծելով, որ ԱՄՆ-ն չի կարող շարունակել պատերազմը:

«Մեր զինապահեստները լի են, իսկ մեր կամքը՝ անսասան, ինչը նշանակում է, որ միայն մենք ենք վերահսկում մեր ժամանակացույցը: Եվ կարող ենք կռվել այնքան, որքան անհրաժեշտ է՝ ապահովելու, որ ԱՄՆ-ն հասնի իր նպատակներին», - վստահեցրել է Հեգսեթը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը պատասխանել է՝ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի, և զգուշացրել է՝ շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառեն, որոնք դեռ չեն կիրառվել:

«Իրանի նոր նախաձեռնություններն ու զենքերը ճանապարհին են: Այս տեխնոլոգիաները դեռևս մեծ մասշտաբներով չեն կիրառվել: Թշնամին պետք է ցավոտ հարվածների սպասի», - պնդել է Ալի Մոհամմադ Նաինին:

Նոր զինատեսակնեորվ սպառնալուն զուգահեռ, Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նեղուցում միայն 52 ֆրանսիական նավ է արգելափակված: Ըստ Reuters-ի՝ նավթի խոշոր ներկրողներից Չինաստանը բանակցում է Իրանի հետ՝ իր նավերի անվտանգ անցումն ապահովելու համար:

Ծոցի երկրներում մի քանի ավիափոխադրողներ մասամբ վերականգնել են թռիչքները: Տարբեր երկրներ չարտերային թռիչքներով շարունակում են տարածաշրջանից դուրս բերել իրենց քաղաքացիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվիԹեհրանը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնագիր կնքելու համար. ԹրամփՉինաստանը բանակցում է Իրանի հետ՝ նավթի ու գազի նավերի անցումը Հորմուզի նեղուցով ապահովելու համար. ReutersԱՄՆ զինված ուժերը հայտարարել են՝ մինչ օրս խորտակել են ավելի քան 30 իրանական նավ«Իրանում ապահով չէ, ամենուր ռումբեր են»․ իրանցի ընտանիքները Հայաստանով փորձում են դուրս գալ երկրիցԻրանը հարվածել է Նախիջևանին, կան տուժածներ, հայտարարում է Բաքուն, սպառնում պատասխանով