Թրամփը՝ Իրանի մասին. «Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի, կոլաժ

Միացյալ Նահանգների նախագահը հույս ունի, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։

«Իհարկե նա այդպես պիտի ասեր։ Բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք՝ նա ճի՞շտ էր, թե՞ ոչ», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Մինչ այդ էլ Թրամփը հայտարարել էր, թե ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքների ֆոնին Իրանը «լրջորեն բանակցում է» ԱՄՆ-ի հետ: Նա ասել էր, որ եթե ստացվի համաձայնության հասնել, ապա լավ կլինի: «Նրանք պետք է գործարքի գնան, բայց չգիտեմ՝ կանե՞ն, թե՞ ոչ։ Բայց նրանք … լրջորեն բանակցում են մեզ հետ», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն անմիջապես բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ և հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում:

Իրանի գերագույն առաջնորդը մինչ այդ հայտարարել էր, որ պատերազմ սկսելու ԱՄՆ սպառնալիքները նոր չեն և Իրանին չեն վախեցնում: Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա, ապա հավելել՝ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այս անգամ դա տարածաշրջանային պատերազմի կվերածվի։

«Իրանցիները չեն վախենում արդար բախումից։ Մենք չենք նախաձեռնողները և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանական պետությունը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա և կհետապնդի իրեն», - ասել էր Խամենեին:

Իրանի արտգործնախարարն, իր հերթին, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ, թեև լիովին պատրաստ է դրան, ընդ որում՝ շատ ավելի լավ, քան անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ:

Աբբաս Արաղչին նշել է, որ «որոշ տարրեր» ակնհայտորեն ցանկանում են Դոնալդ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ՝ իրենց շահերից ելնելով, ապա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բավականին խելացի է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի:

Նրա խոսքով՝ Իրանը կորցրել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ, որը 2018-ին միակողմանի դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ գործարքից, իսկ անցած հունիսին էլ Իսրայելի հետ հարվածեց Իրանին այն դեպքում, երբ Թեհրանը ցանկանում էր բանակցել: Բանակցելու համար նաև պետք է վերականգնվի Իրանի վստահությունը, ասել է արտգործնախարարը:

«Մենք ամերիկացիների հետ բանակցելու լավ, դրական փորձառություն չունենք: Իմաստալից բանակցություններ սկսելու համար մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը», - ընդգծել է Արաղչին:

Ըստ նախարարի՝ նոր բանակցություններ հնարավոր են, եթե ամերիկյան թիմը կատարի այն, ինչ Թրամփը գրել էր սոցցանցում՝ հասնել արդար և հավասար պայմաններով գործարքի: «Եթե այդպես է, վստահ եմ՝ կարող ենք համաձայնության հասնել», - ասել է նա։

Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ այսօր հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու՝ դիվանագիտական տարբեր խողովակներով ընթացող գործընթացների մանրամասները և արդյունքներ է ակնկալում առաջիկա օրերին։

Ու մինչ Իրանում արդյունքների են սպասում, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դիմաց երեկ հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն Իրանի: Ցուցարարներն այրել են ԱՄՆ և Իսրայելի դրոշները, նաև Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատկերներով պաստառները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Fars. Իրանի նախագահը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետԱրաղչի․ «Վստահ եմ, որ կարող ենք պայմանավորվել ԱՄՆ-ի հետ»Թրամփը հայտարարել է, որ դեռ հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնելԹեհրանը զգուշացնում է տարածաշրջանային հակամարտության մասին, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա«Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է». ԱրաղչիԹրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետԹրամփն ակնկալում է, որ Իրանը կձգտի համաձայնագրի՝ ԱՄՆ-ի հարվածներից խուսափելու համարԻրանը համաձայն է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա