ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում: ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Վաշինգտոնը հասել է իր գլխավոր նպատակին՝ սահմանափակել է միջուկային զենք ստեղծելու Իրանի կարողությունը և պատերազմը կդադարեցնի, երբ լիովին ավարտի իր անելիքը: Թրամփի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։
«Շատ շուտով դուրս կգանք», – նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «գուցե երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։
Հարցին, թե արդյոք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելը նախապայման է ավարտելու այն, ինչ ԱՄՆ-ն անվանել է «Էպիկական ցասում» գործողություն, Թրամփը պատասխանել է՝ ոչ:
«Իրանը պարտավոր չէ գործարք կնքել, ոչ», - ասել է Թրամփը։ «Ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ»։
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է ավելի քան 3%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 100 դոլարից մի փոքր ավելի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին ևս հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է տեսնել «վերջնագիծը» Իրանի պատերազմում:
«Մենք կարող ենք տեսնել վերջնագիծը։ Այն այսօր չէ, վաղը չէ, բայց այն գալիս է», - Fox News-ին ասել է Ռուբիոն:
Ավելի ուշ Սպիտակ տնից տեղեկացրել են, որ այսօր Թրամփն ուղերձ է հղելու ամերիկացի ժողովրդին՝ «Իրանի հետ կապված կարևոր թարմացմամբ»։
Վաշինգտոնից նախկինում սպառնացել էին սաստկացնել ռազմական գործողությունները, եթե Թեհրանը հրաժարվի հրադադարի հաստատման համար ԱՄՆ-ի ներկայացրած 15 կետանոց շրջանակային փաստաթղթից։ Միջուկային զենք չստեղծելը, ուրան չհարստացնելը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը վերաբացելը դրա առանցքային դրույթներից էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Առաջիկա օրերը որոշիչ են լինելու. ՀեգսեթՊենտագոնի ղեկավարն ավելի վաղ հայտարարել է. «ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ»: Փիթ Հեգսեթը պնդել է, որ «խելամիտ լինելու դեպքում Իրանը կգնա համաձայնության կնքման»։
«Եթե Թեհրանը չդիմի այդ քայլին, Միացյալ Նահանգները կշարունակի գործել շատ ավելի մեծ ինտենսիվությամբ։ Իրանում դա գիտեն և ռազմական տեսանկյունից դրան հակադարձելու որևէ հնարավորություն չունեն»,- հայտարարել է Հեգսեթը։
Մինչ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեինհայտարարել է, որ ինքն ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, սակայն դրանք «բանակցություններ» չեն համարվում, նախարարի խոսքերը մեջբերել է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։