ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել», - Truth Social-ում գրել է Թրամփը։
Իսրայելը «միանում է իմ այս հանձնառությանը», տեղեկացրել է ԱՄՆ նախագահը՝ բոլորին հորդորելով «գործի անցնել և ավարտին հասցնել [գործարքը]»։
Միևնույն ժամանակ, Թրամփը վերահաստատել է ռազմական սպառնալիքը․ «ԱՄՆ-ն կազմ-պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կռվելու՝ ռազմական ահաբեկման, ամրության և հզորության այնպիսի մակարդակով, որը չի տեսնվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր»։
Թեհրանն, իր հերթին, նախօրեին զգուշացրեց Վաշինգտոնին չգնալ «արկածախնդրական գործողության»՝ հայտարարելով, որ վճռական հակահարված կտա, եթե ամերիկյան ուժերը դարձյալ թիրախավորեն Իրանը։
«Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին երեկ տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներին էր սպառնացել։ Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա հայտարարել էր, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանցի գեներալը սպառնում է ԱՄՆ-ի «վահան» երկրներին՝ «կայրվեն պատերազմի կրակում»Աբդոլահիի հայտարարությանը նախորդել էր Թրամփի սպառնալիքը, թե ամերիկյան ուժերը կշարունակեն հարվածել Իրանին «շատ ուժգին», մինչև Իսլամական Հանրապետությունն «այլևս ի վիճակի չլինի դիմանալ»:
Վաշինգտոնի և Թեհրանի նոր սպառնալիքները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: