Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ, որոնք հինգերորդ օրն է՝ փողոց են դուրս գալիս ռիալի սրընթաց արժեզրկման ու գնաճի դեմ։
Անցած դեկտեմբերին Իրանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ հասավ պատմական նվազագույն ցուցանիշին, գները բարձրացան ավելի քան 50 տոկոսով։ Թեհրանից սկսված ցույցերը տարածվել են նաև երկրի մյուս շրջաններում, հաղորդում է «Ազատության» իրանական ծառայությունը։
«Եթե Իրանը, սովորույթի համաձայն, կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի», - այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանի թե՛ պետական լրատվամիջոցները, թե՛ իրավապաշտպան խմբերը երեկվանից հաղորդում են, որ մի շարք շրջաններում բողոքի ցույցերը վերածվել են բախումների, առնվազն յոթ մարդ զոհվել է, տասնյակը՝ վիրավորվել։ Ըստ «Թասնիմ» գործակալության՝ միայն Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել «հասարակական կարգը խախտելու» մեղադրանքով, ձերբակալություններ են տեղի ունեցել նաև այլ շրջաններում: «Ազատությանը» առայժմ չի հաջողվել հաստատել այս տեղեկությունները։
Պետդեպի ներկայացուցիչը, սակայն, իրանական ծառայությանը փոխանցել է, թե բողոքի ցույցերն արտացոլում են Իրանի ժողովրդի «հասկանալի զայրույթը՝ կառավարության ձախողումներից», մինչ իրանական ռեժիմը «շարունակում է վատնել երկրի հարստությունը՝ աշխարհում ահաբեկչությունը հովանավորելու և ավելի լավ կյանք ցանկացող իրանցի ժողովրդին ճնշելու համար»:
Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել է, որ շարունակելու է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վարչակազմի վրա:
Արձագանք Իրանից
Թեհրանից արձագանքել են, թե թույլ չեն տա միջամտություն երկրի ներքին գործերին։ «Մենք կկտրենք ցանկացած ձեռք, որ կփորձի այս կամ այն պատրվակով խաթարել Իրանի անվտանգությունը»,- X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում բողոքի ցույցեր են․Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվելԱզգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ պնդել է, թե «ամերիկյան միջամտությունը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»: X-ում արված գրառման մեջ իրանցի պաշտոնյան ընդգծել է, թե ԱՄՆ նախագահն է սկսել այս արկածախնդրությունը, հավելելով, թե Ամերիկան պետք է ուշադիր լինի իր զինվորների կյանքի նկատմամբ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որ հայտնի է առավել զուսպ դիրքորոշմամբ, մինչ այդ կոչ էր արել կառավարությանը լսել ու երկխոսություն սկսել ցուցարարների հետ։
«Մեղքը մերն է, մենք է, որ պետք է պատշաճ կերպով ծառայենք, որպեսզի մարդիկ գոհ լինեն մեզանից... Մենք է, որ պետք է գտնենք այս խնդիրների լուծումը», - հայտարարել էր նա պետական հեռուստատեսությամբ՝ խոստանալով ընդունել նոր որոշումներ՝ տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ:
Ուժայինները միաժամանակ խոստացել էին «կոշտ» հակահարված տալ ցուցարարներին ու նրանց, որ շահարկում են այս իրավիճակը՝ երկրում քաոս ստեղծելու համար: «Անկայունություն ստեղծելու ցանկացած քայլ կստանա վճռական պատասխան», - սպառնացել էր գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի-Ազադը։
«Վերջին բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ իրանցիները կորցնելու բան այլևս չունեն», - «Ազատության» իրանական ծառայության հետ հեռախոսազրույցում պնդել է Շիրին Էբադին, ով 2003-ին Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել՝ Իրանում ժողովրդավարություն հաստատելու և մարդու իրավունքների պաշտպանության իր պայքարի համար։
«Անգամ նախագահն ընդունեց, որ Իրանը անսահման հարստություն ունի, սակայն ժողովուրդը քաղցած է»,- ասել էր նոբելյան մրցանակի դափնեկիրը, միաժամանակ ընդգծելով՝ ի տարբերություն նախորդ ցույցերի, հիմա գործող վարչակազմի մոտ գնալով ընդլայնվում է ընկալումը, որ դրանք անհնար է ճնշել բռնությունների ու սպանությունների միջոցով։
«Ուժի գործադրումը մարդկանց դեմ, որոնք կորցնելու ոչինչ չունեն, միայն յուղ կլցնի կրակի վրա՝ սաստկացնելով համընդհանուր զայրույթը»,- ասել է նա «Ազատությանը» տված հարցազրույցում։
Սա Իրանում բողոքի ցույցերի ամենամեծ ալիքն է 2022-ից հետո։ Երեք տարի առաջ էլ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել ոստիկանական բաժանմունքում 22-ամյա ուսանող Մահսա Ամինիի մահվանից հետո, ում բերման էին ենթարկել գլխաշոր կրելու արգելքը խախտելու համար։ Զանգվածային այս ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, այդ թվում՝ անվտանգության ուժերի տասնյակ ներկայացուցիչներ։