Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Իրանում բողոքի ցույցեր են։ Երկուշաբթի ռիալը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի, իսկ երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հրաժարական է տվել։
Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարներ են հավաքվել Թեհրանի կենտրոնում։ Նման ցույցեր են անցկացվել նաև Իսֆահանում, Շիրազում և Մաշհադում։ Որոշ հատվածներում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով։
Ականատեսների խոսքով՝ բազմաթիվ առևտրականներ փակել են խանութները՝ միանալով բողոքին։
Տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթությունը տնտեսական բարեփոխումներն են և ցուցարարների հետ երկխոսությունը։
Պաշտոնական տվյալներով՝ դեկտեմբերին գնաճը կազմել է շուրջ 42 տոկոս, իսկ սննդամթերքի գները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 70 տոկոսով։ Տնտեսական ճնշումները պայմանավորված են նաև ԱՄՆ պատժամիջոցներով։