Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հաջորդ շաբաթ կժամանի Վաշինգտոն։

Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է հանդիպել Մաչադոյի հետ.

«Դե, ես հասկանում եմ, որ նա հաջորդ շաբաթ կգա, և ես անհամբեր սպասում եմ նրան ողջունելուն», - պատասխանել է Թրամփը։

Սպիտակ տունն առայժմ հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:

Սա Թրամփի առաջին հանդիպումը կլինի Մաչադոյի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում չեն ընդունել մեղադրանքները

Վենեսուելայի առաջնորդն ու նրա տիկինը Նյու Յորքի դաշնային դատարանում չեն ընդունել ԱՄՆ-ի կողմից ներկայացված՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության դավադրության և մյուս մեղադրանքները: ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ անցած շաբաթավերջին Կարակասում ձերբակալված և ԱՄՆ տեղափոխված Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անմեղ է և դեռ ինքն է Վենեսուելայի նախագահը:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը ողջունել է ԱՄՆ գործողությունները՝ դրանք համարելով «մարդկության, ազատության և մարդկային արժանապատվության համար հսկայական քայլ»։ Մարիա Կորինա Մաչադոն 2025-ի հունվարին հակակառավարական ցույցերն առաջնորդելուց, ապա բռնաճնշումների պատճառով ամիսներ թաքնվելուց հետո մեկնել էր Նորվեգիա՝ Մադուրոյի «բռնապետության դեմ մղած պայքարի համար» Նոբելյան Խաղաղության մրցանակը ստանալու: Ընդդիմադիր գործիչը Fox News-ին ասել է, որ հնարավորինս շուտ կվերադառնա հայրենիք: