Թրամփը հայտարարել է՝ թույլ չի տա, որ աշխարհում «ահաբեկչության գլխավոր հովանավոր» Իրանը միջուկային զենք ունենա

Իրանը ցանկանում է գործարք կնքել, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի հետագա հարվածներից, սակայն դեռևս պարտավորություն չի ստանձնել երբեք միջուկային զենք չստեղծել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ նախընտրում է այդ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Սակայն, հայտարարել է, երբեք թույլ չի տա, որ աշխարհում «ահաբեկչության գլխավոր հովանավորը» միջուկային զենք ունենա:

Նա հիշեցրել է անցյալ տարվա հունիսին երկրին ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին՝ հավելելով, որ Իրանին նախազգուշացրել են ապագայում չփորձել վերակառուցել իրենց զենքի ծրագիրը, սակայն նրանք շարունակում են:

Թրամփը նաև պնդել է, որ Իրանում միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում առնվազն 32 հազար ցուցարար է սպանվել ցույցերի ընթացքում:

Իրավապաշտպան կազմակերպությունները հաշվել են մոտ 7000 հոգու մահ, սակայն չի բացառվում, որ իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է:

Նրա խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական հզորության մասշտաբային աճի ֆոնին և փետրվարի 26-ին նախատեսված ամերիկա-իրանական հետագա բանակցությունների նախաշեմին: Բանակցությունները հիմնականում կենտրոնացած են Իրանի միջուկային ծրագրի վրա, որը, ինչպես պնդում Է Թեհրանը, նախատեսված է խաղաղ, քաղաքացիական նպատակների համար, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Բանակցությունների նոր փուլին ընդառաջ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է՝ Իսլակամական Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ՝ ԱՄՆ‑ի հետ համաձայնության հասնելու համար։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ՝ Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղայի․ «Հարձակման դեպքում Իրանի պատասխանը կատաղի կլինի»